10:16 , 10 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է՝ կառավարության վերջին նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունը, որով առաջարկվում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարել և «էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ ապահովելու համար» կառավարության կառուցվածքից հանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ այն միացնելով ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Թե ինչ ընդհանրություն ունեն այդ երկու նախարարությունները՝ դժվար է կռահել: Մեկ այլ կետով կստեղծվի նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
- Պարոն Հարությունյան, ինչպե՞ս հասկանանք տարածքային ինքնակառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միացումը: Թվում է, թե այդ ոլորտները իրար հետ ընդհանրապես կապ չունեն: Դրանով հնարավո՞ր է ավելի լավ կառավարում ապահովել:
- Կարծում եմ՝ այդպիսի տպավորություն կարող են ունենալ այն մարդիկ, ովքեր ծանոթ չեն աշխարհի փորձին, ծանոթ չեն, թե ինչպիսի ուղղությամբ են զարգանում գործադիր իշխանության մարմինները: Իսկ որևէ մեկը, ով փոքր-ինչ ծանոթ է աշխարհի գործին, կնկատի, որ երկրների գերակշիռ մասում տարածքային կառավարման ու արտաքին իրավիճակների կարգավորման հարցերը գտնվում են մեկ նախարարության ներքո: Այսինքն՝ մենք շարժվում ենք այն ուղղությամբ, որով շարժվում են աշխարհի բազմաթիվ երկրներ:
- Փաստորեն աշխարհում տարածքային ինքնակառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները համատեղվում են, և մենք չենք իմացել այդ մասին:
- Ես չգիտեմ՝ ով չի իմացել, բայց վստահեցնում եմ, որ կառավարությունը շատ լավ գիտեր: Մենք նմանատիպ զարգացման ծրագրեր ունենք: Ընդհանրապես նախարարությունների թիվը պետք է հետզհետե կրճատվի, նախարարությունները պետք է խոշորանան: Այսինքն՝ կա ծրագիր, որը կյանքի ենք կոչում, միմիայն երբ պատրաստ լինի:
- Այսինքն՝ Հայաստանում մինչ այժմ տեղյակ չեն եղել, որ այդ երկու նախարարությունները պետք է համատեղվեին, դա եմ ուզում ասել:
- Բանն այն է, որ եթե ծանոթանաք Հայաստանի նախագահի ակտերին ու հրամանագրերին, ապա կտեսնեք, որ էնտեղ անգամ կա ուղղությունը, այդ մասին նշմարվում է: Եվ որոշակի մարմինները, որոնք ստեղծված են կառավարությանն առընթեր, ստեղծված են մինչև բարեփոխումների հետագա ընթացքը: Այնպես որ՝ Հայաստանում շատ լավ գիտակցում ենք, սա եզակի փոփոխություն չի լինելու: Կարծում եմ՝ առաջիկա 5-10 տարիների ընթացքում դուք մի շարք այլ փոփոխություններ ևս կտեսնեք կառավարության կազմում:
- Մի քիչ կմանրամասնե՞ք, թե ինչ փոփոխություններ, ինչ միացումներ են սպասվում:
- Ես ձեռնպահ կմնայի այս պահին ներկայացնելուց, որովհետև հնարավոր են մի քանի տարբերակներ, որոնք քննարկման առարկա են: Այս պահին դրանք ներկայացնելը կարող է դառնալ զուտ շահարկումների առարկա: Այդ պատճառով ես ձեռնպահ կմնամ:
- Ասում եք, որ կրճատվելու են նախարարությունները, բայց ստացվում է, որ նոր նախարարություն է ստեղծվում: Այս նախարարության անհրաժեշտությունը իրականում կա՞ր: Մենք ունենք սփյուռքի, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարություններ, որոնք տարբեր ոլորտներով համագործակցում են: Կա՞ր այս նախարարության ստեղծման անհրաժեշտությունը, թե՞ սա ստեղծվում է որևէ մարդու պաշտոն տալու համար:
- Եթե մարդու համար ստեղծվեր նախարարությունը, իսկ նախարարները, ինչպես գիտեք, ոչ թե մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ են, այլ քաղաքական գործիչներ՝ առաջին հերթին, ապա կարիք չէր լինի մեկ նախարարություն կրճատել և մյուսը ստեղծել, ուրեմն անհրաժեշտությունը կար:
Անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը միանալու մեր քայլով, որովհետև այդ միությանն անդամակցությունը ենթադրում է բավականին լուրջ աշխատանք տնտեսական ինտեգրման առումով: Ավելին՝ երբ մենք խոսում ենք բարեփոխումների մասին, դա ևս ունի իր հիմնավորումը, որովհետև դա ամենևին չի նշանակում, որ նախարարներն իրենց ոլորտներում չպետք է բարեփոխումներ իրականացնեն: Բայց կան բարեփոխումներ, որոնք կընդգրկեն շատ ավելի լայն, մի քանի նախարարությունների ոլորտներ, և այդ առումով, իհարկե, անհրաժեշտ է նման աշխատանքի համակարգումը՝ այս նախարարությունը:
- Այսինքն՝ դա նշանակո՞ւմ է, որ ինչ նոր միության անդամակցենք, պետք է նոր նախարարություն ստեղծե՞նք:
- Դա եվրասիական նախարարություն չէ: