09:33 , 10 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է։ 1945 թվականի հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան։ Օրվա առթիվ Tert.am-ը փորձել է պարզել երիտասարդության խնդիրները, տահոգություններից և ապագայի հանդեպ նրանց հույսերը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը գտնում է, որ հայ երիտասարդն այսօր ծանրաբեռնված է այն նույն հոգսերով, ինչ աշխարհի ամենատարբեր անկյուններում ապրող երիտասարդներն առհասարակ:
«Ես առաջին հերթին ի նկատի ունեմ 2008թ.-ից մոլեգնած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած այն բազում սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք առկա են մեզանում: Հասկանալի է, որ հայ երիտասարդն անբաժան չէ այդ դժվարություններից»,-ասաց նա:
Առանձնացնելով խնդիրները՝ Արսեն Քարամյանն առաջին հերթին նշեց զբաղվածության հարցը, երկրոդը՝ որակյալ կրթություն ստանալը, իսկ երրորդը՝ սոցիալ-տնտեսական և կենցաղային խնդիրներն են:
Փոխնախարարի կարծիքով՝ հայ երիտասարդն այսօր ինչ-որ բան փոխելու համար պետք է շատ աշխատի. «Յուրաքանչյուր հասարակության ներսում երիտասարդությունն ամենաընկալողունակ, ամենաակտիվ հատվածն է, նույնը նաև մեզ մոտ է: Իսկ ինչ-որ բան փոխելու համար պետք է երկար ժամանակ և անդուլ աշխատանք: Ես չեմ կարծում, որ մեկ օրում մենք կարող ենք ստանալ ցանկալի արդյունք, իսկ դրան պետք է հասնել սերունդների համերաշխության միջոցով»:
Հարցին, թե որքանով է այսօր մրցունակ հայ երիտասարդը, Արսեն Քարամյանն ասաց. «Հայ երիտասարդը, համենայնդեպս, ջանում է լինել մրցունակ, հայ երիտասարդի ուսումնատենչությունն այդ մասին է վկայում, բայց բացարձակ առումով հայ երիտասարդությունը պետք է ունենա որոշակի հնարավորություններ այդ ուսումնատենչությունը լավագույնս իրացնելու համար»:
Իսկ թե ինչ խնդիրներ ու մտահոգություններ ունեն հայ երիտասարդները, Tert.am-ը հետաքրքրվեց հենց երիտասարդներից. բոլոր խնդիրների կողքին նրանք ևս առաջին հերթին բարձրաձայնում են հենց զբաղվածության հարցը. աշխատանք չունեն, եղածները քիչ վարձատրվող են, բարձրագույն կրթություն ունեցողներն իրենց համապատասխան աշխատանք չեն կարողանում գտնել և այլն:
22-ամյա Արփինեի խոսքով՝ այսօր երիտասարդության թիվ մեկ խնդիրն աշխատանքն է: «Շատ ուսանողներ մեծ գումարներ տալով՝ սովորում են, բայց արդյունքում աշխատանք չեն ունենում»,- ասաց նա:
«Ամենացավալին այն է, որ ոչ մի երիտասարդ իր ապագան այստեղ չի պատկերացնում, որովհետև աշխատանքը ծանր է, իսկ դրա դիմաց վճարվող աշխատավարձը գրոշներ են»,- ասաց Երևանի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած 22-ամյա Աննան, ով ասում է, որ չի կարողանում աշխատանք գտնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ