18:35 , 9 նոյեմբեր, 2014
Հենց նոր աչքովս ընկավ մի կիսագրագետ հոդված, որի վերնագիրը հասկանալու համար պահանջվեցին մի քանի րոպեներ: Ինչևիցե, այն վերաբերվում էր Հայաստանի Ձայնը նախագծին: Վերջերս շատ էի հանդիպում Հայաստանի Ձայնը նախագծին վարկաբեկող հոդվածներ, սակայն, նման տողեր կարդալուց հետո չկարողացա անտարբեր անցնել:
Ի՞նչ է նշանակում՝ Ժյուրին «Հայաստանի ձայնը» վերածել է պանիխիդայի, ի՞նչ է նշանակում «էս ժյուրիի անդամները զզվցրին, լացուկոծը թափում են, էնքան լացելով նավսում են էս երեխեքին, որ խեղճերի հետ մի վատ բան ա է լինելու։» Ի՞նչ է նշանակում «Էս Արմեն ձյան լրիվ դերի մեջ ա մտել»: Նման կերպ խոսել Մաեստրոի մասին առնվազն տգիտություն է:
Տվյալ հոդվածում նշվում էր նաև, որ հնարավոր չէ երկու րոպեում այնքան հուզվել, որ կարողանան լացել: Ասեմ ավելին, կարելի է հուզվել վարկյանների ընթացքում: Ո՞նց կարելի է նստել դահլիճում, վայելել կենդանի երաժշտություն, լսել հզոր ձայներ և չարտահայտել էմոցիաներ: Ո՞նց կարելի է տեսնել մարդկանց ապրումները և չհուզվել: Այո, միգուցե չափից դուրս էմոցիոնալ եմ և հիվանդագին եմ տանում այն ամեն ինչը, ինչ կապված է զգացմունքների, մարդկանց արցունքների, սրտի բախոցների, սպասումների և նմանատիպ այլ բաների հետ, բայց չի կարելի ծիծաղել մարդկանց արցունքների, հույզերի, զգացմունքների վրա: Եթե չես կարող ընկալել, զգալ ու հասկանալ, թե ինչ կարող է կատարվել բեմի վրա, կուլիսներում առավել ևս՝ հանդիսատեսի սրտում դա դեռ չի նշանակում, որ բեմի վրա և հանդիսատեսի շարքերում գտնվող մարդիկ ՊԱՆԻԽԻԴԱ են սարքում:
Լացում են այն մարդիկ, ովքեր զգում ու հասկանում են դիմացի ապրումները, ովքեր պատրաստ են զգալ դիմացի ցավը, ապրել դիմացինի խնդիրներով: Վերջիվերջո լացում են այն մարդիկ, ովքեր գիտեն սիրել...