Տղամարդ, հանուն որի ուզում ես ապրել ( կնոջ մտորումներ)


19:03 , 8 նոյեմբեր, 2014

Դեռ վաղ պատանեկության տարիներին դեռատի աղջկա մեջ ձևավորված «սպիտակ ձիով ասպետի» կերպարն ամբողջանում է ավելի հասուն տարիքում։ Ու այդժամ սինթեզվում է տղամարդու իդեալ, հանուն որի ուզում ես ապրել։

Նա տղամարդ է, որին ես ոչինչ պարտավոր չեմ։ Նա ինձ հետ է, որովհետև սիրում է ինձ, նա ուզում է հոգ տանել իմ մասին, կիսել իմ ժպիտն ու խինդը, երբ ես ուրախ եմ, չորացնել իմ արցունքները, երբ լալիս եմ, փորձում է գրավել իմ սիրտը նորից ու նորից, գոհանում է, երբ վառվում են իմ աչքերը։

Էական չէ, թե ինչքան գումար է նա վաստակում։ Ինձ պետք չեն ճոխ ռեստորաններ, թանկարժեք օծանելիքներ, աչք ծակող զգեստներ, շքեղ մեքենա, կարևորը, որ նրա մոտ լինի մեր ընտանիքի նյութական բարեկեցությունն ապահովելու ու լավացնելու, ինչպես նաև հոգևոր սնունդին մեզ մշտապես հաղորդակից դարձնելու ձգտում։

Ինձ պետք չէ տեղին-անտեղին տեսնել նրա գերակայությունն այլ տղամարդկանց հանդեպ, ինձ համար կարևոր է զգալ նրա ձեռքերի ջերմությունը, միշտ նեցուկ, միշտ ապավեն լինելու պատրաստակամությունը ու ոչ միայն ինձ, այլև բոլոր թույլերին, դրա կարիքն ունեցողներին։

Նա երբեք չի պարտադրում, որ ամեն օր նախաճաշ ու ընթրիք մատուցեմ իրեն, նրա համար կարևոր է, որ հոգնատանջ տեսք չունենամ և ստիպողաբար չհոգամ կենցաղային այս կամ այն հոգսը։ Իսկ ես փոխարենը միշտ ունենամ իմ սիրելիին ձմռան ցրտին տաք ապուր հրամցնելու, ամռան տապին թարմ մրգերից ու պաղպաղակից պատրաստված աղանդերով զարմացնելու ու գոհացնելու ցանկություն։

Տնից դուրս գալուց առաջ նա առանձնապես չի մտահոգվում անթերի տեսք ունենալու մասին, բայց նույնիսկ եթե երբեմն թույլ է տալիս իրեն այդ, ապա ես անհանգստանալու պատճառ չունեմ. թող աշխատակցուհիները գնահատեն նրա նոր վերնաշապիկը կամ հաճոյախոսություն անեն սանրվածքի փոփոխության հետ կապված, հետո՞ ինչ, միևնունն է, նա իմն է, միայն իմը, նա առանձնանում է շատ շատերից իր հավատարմությամբ, որովհետև սիրում է ինձ, իսկ սեռական կապն առանց սիրո անիմաստ է՝ համարում է նա։

Նա ինքը թեև խանդում է, երբ ուշադրության որևէ նշան եմ ստանում այլ տղամարդուց, սակայն դրանից պատմություն չի սարքում և չի ձանձրացնում իր հետապնդող հարցաքննություններով։

Նա պատմում է ինձ իր գործերի ու պլանների մասին, միշտ հետաքրքրվում իմ գործերով, իմ տրամադրությամբ, թույլ է տալիս, որ հանգիստ նայեմ իմ սիրելի սերիալը, անգամ եթե այն համընկնում է իր՝ աշխատանքից քաղցած տուն վերադառնալու ժամի հետ։

Երբ ես դառնում եմ փոքրիկ, թույլ աղջիկ ու սկսում արտասվել, նա համբույրներով է ողողում ինձ, հանգստացնում իր գրկում, երբեք չի ծաղրում ու չի ասում, որ զզվացրել եմ իմ լացուկոծով։

Երբեմն ինձ տանջում են կասկածները՝ գուցե ես չեմ այն կինը, ում մասին նա երազել է, բայց այդ կասկածները փարատվում են ամեն անգամ, երբ նա կրկնում է, թե ինչքան երջանիկ է ինձ հետ, ու թե ինչքան թանկ եմ ես նրա համար։