Թուրքիան ռուսական գազից ԵՄ-ի կախվածությունը նվազեցնելու է կասպյան էներգակիրների միջոցով


15:47 , 8 նոյեմբեր, 2014

Թուրքիան ռուսական գազից ԵՄ-ի կախվածությունը նվազեցնելու է կասպյան էներգակիրների միջոցովPanorama.am-ը գրում է․

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքմենական գազի առաքումները եվրոպական շուկա կարող են ապահովել ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը: Աշգաբադում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս թուրքմենական գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա մատակարարումներին:

Թուրքիան ակտիվացնում է իր քաղաքականությունը կասպյան տարածաշրջանում

Թուրքիան վերջին տասնամյակներին ակտիվացնելով իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, Կասպից ծովի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ցանկանում է վերածվել կարևորագույն միջանցքի՝կասպյան նավթագազային ռեսուրսները իր տարածքով դեպի ԵՄ արտահանելու համար, դրանով բարձրացնելով իր աշխարհաքաղաքական նշանակությունը թե հետխորհրդային այդ երկրների, թե Արևմուտքի համար: Այդ ուղղությամբ Անկարան և Բաքուն ակտիվ քայլեր և լոբբինգ են իրականացնում: Այս տարվա մայիսին Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարները Բաքվում ընդունել են համատեղ հռչակագիր, որը պետք է խթանի եռակողմ ձևաչափով համագործակցությունը քաղաքական, էներգետիկ, զբոսաշրջային և այլ ոլորտներում:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ այդպիսի ձևաչափով դա առաջին հանդիպումն է և արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Աշգաբադում:

Վերոնշյալ հանդիպումներով փորձ է արվում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի գործունեությանը ներգրավվել նաև նավթագազային հարուստ ռեսուրսներ ունեցող Թուրքմենստանին, ինչը առաջին հերթին բխում է Արևմուտքի շահերից: Վերոնշյալ դաշինքի ձևավորումը թույլ կտա Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին լուծել այլընտրանքային ճանապարհներով Եվրոպա առաքվող էներգակիրների հարցը: ԱՄՆ-ը և ԵՄ-ը ցանկանում են նվազեցնել եվրոպական երկրների գազային կախվածությունը «Գազպրոմից»:

Նշենք, որ Կասպյան ավազանի հետ կապված գլխավոր նախագծերից է համարվումՏրանսկասպյան գազամուղը, որը պետք է 300 կմ երկարությամբ ձգվի Կասպից ծովի հատակով` Թուրքմենստանից մինչև ադրբեջանական ափ, այնտեղից օգտագործելով այդ երկրի էներգետիկ համակարգը արտահանվի Արևմուտք` Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կամ ադրբեջանա-թուրքական նախագիծ համարվող TANAP գազամուղի օգնությամբ` շրջանցելով Ռուսաստանը և Իրանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ