10 լեգենդ Յապոնչիկի մասին. Հոգեբուժական հիվանդանոցից մինչև Ամերիկա


15:29 , 8 նոյեմբեր, 2014

10 լեգենդ Յապոնչիկի մասին. Հոգեբուժական հիվանդանոցից մինչև Ամերիկա. Newmag.amNewmag.am-ը գրում է․

Յապոնչիկը (Վյաչեսլավ Կիրիլովիչ Իվանկով) հանցագործ աշխարհի լեգենդն է: Նրա անվան շուրջ հյուսված առասպելներն ու հորինվածքներն ավելի շատ են, քան ճշմարտությունը: Խեղաթյուրված է նույնիսկ նրա մականունը` ծագումով հանդերձ: Իր քրեական կյանքի սկզբում Իվանկովը հայտնի էր «Յապոնեց» («Ճապոնացի») անվամբ, որովհետև աչքերը յուրահատուկ, շատ արևելյան բացվածք ունեին: Հանրահայտ «հեղինակություն» Միշկա Յապոնչիկի կեղծանվան նմանությամբ էր, որ Իվանկովին նույնպես սկսեցին կոչել Յապոնչիկ: Յապոնչիկ-Իվանկովը համոզված էր, որ իր կյանքն ու կենսագրությունն այլանդակեցին լրատվամիջոցները, որոնց նա անվանում էր «զանգվածային հիմարացման միջոցներ»: Սակայն հանուն արդարության ասենք, որ եթե չլիներ մամուլի ակնդետ ուշադրությունը, չէր լինի նաև նրա համաշխարհային ճանաչումը:

#1 Ռուս գանգստերների ռեստորանը. «Русь»

Երբ ԱՄՆ-ում Իվանկովին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման, շատերին թվում էր, թե վերջն է կամ անսահման երկար ժամանակ է սա: Եվ սովետական ու ռուսական միլիցիայի բազմաթիվ նախկին աշխատակիցներ սկսեցին գլուխ գովել, թե հենց իրենք են ժամանակին ձերբակալել ամենազոր Յապոնչիկին: ժամանակի ընթացքում նրանց թիվն աճեց: Բայց ովքեր իրականում «աշխատել» էին Իվանկովի գործով, հրապարակային բացահայտումներ չէին անում, իրենց անունները չէին տարփողում: Այսուամենայնիվ, որոշ փաստաթղթեր «դուրս են լողում» ԳԱՂՏՆԻ մակագրությամբ թղթապանակներից: Անչափ զգույշ է նաև Վյաչեսլավ Իվանկովի շրջապատը: Նրանց հաղորդածը շատ հաճախ կողմնակալ է, բայց անչափ հետաքրքրական:

- Վյաչեսլավի հետ ծանոթացել եմ 1970-ին,- պատմում է Սերգեյ Ղազարովը, որը հետագայում դարձավ ԳՖՀ քաղաքացի:- Այն ժամանակ աշխատում էի մեր` հայ տղաների բրիգադում, ասֆալտ էինք փռում: Մեզ ծանոթացրեց քեռիս` կոշիկի ձևարար: Եվ այնպես ստացվեց, որ ես ներկա եղա նրա հետ կապված բոլոր պատահարներին ու դարձա այդ քրեական գործերի ակամա վկան: Հիշո՞ւմ եք «Ռուս» ռեստորանի հանրահայտ միջադեպը:

…1974թ., մարտ: Իվանկովը, Ղազարովը, Ասաֆ Սոսունովը և «օրենքով գող» Հայկ Գևորգյանը, որն առավել հայտնի է «Գոգա երևանսկի» կամ «Գոգա ունժլագսկի» անունով (սպանվեց 1994-ին, իր տան շքամուտքում), մտան մերձմոսկովյան «Ռուս» ռեստորան: Այն ժամանակներում սա միակ ռեստորանն էր, որն աշխատում էր նաև գիշերը: «Էլիտար» վայր էր, որի այցելուների մեջ քիչ չէին մեծ փողատերերը, «ոսկե երիտասարդությունը» և արտասահմանցիները, որոնք այստեղ կարող էին գտնել «վալյուտային պոռնիկներ»: Ռեստորանում հաճախ լինում էր նաև Գալինա Բրեժնևան:

Իվանկովի խումբը տեղ հասավ կեսգիշերին: Մի քանի ժամ անց վեճ բռնվեց հարևան սեղանի մոտ նստածների հետ, իսկ այնտեղ նույնպես «օրենքով գողեր» էին: Վիտոլդ Գերնիկն արդեն 6 դատվածություն ուներ, նա հանրահայտ Գենադի Կորկովի պես «Մոնղոլ» մականունն էր կրում (Վյաչեսլավ Իվանկովն «առաջին քայլերն» արել է հենց «Մոնղոլ»-Գենադի Կորկովի հանցախմբում): Գերնիկին ընկերակցում էին Գոգա Դղեբուաձեն («Գոգա Տբիլիսսկի») և էլի մի քանի վրացի «հեղինակություններ»: Վեճն սկսվեց աղջկա պատճառով: Տուրուդմփոց էր ինչպես կովբոյական ֆիլմերում, օգտագործվեցին ձեռքի տակ եղած բոլոր իրերը, աթոռներն ու սեղանները: Շշով խփեցին Իվանկովի գլխին: Ասաֆ Սոսունովն էլ հանեց ատրճանակն ու երկու անգամ կրակեց Դղեբուաձեի վրա: Գերնիկ-«Մոնղոլը» աթոռով խփեց ու Ասաֆի ձեռքից գցեց ատրճանակը:

«Ամերիկայի ձայնը» հաջորդ օրը սենսացիոն լուր տարածեց «ռուս գանգստերների փոխհրաձգության» մասին: 1974-ին այդպիսի հաղորդագրությունն իսկապես սենսացիա էր, որը խորհրդային քարոզչամեքենան բնականաբար հերքեց: Փոխհրաձգության բոլոր մասնակիցները ձերբակալվեցին: Բայց Յապոնչիկը կարողացավ կաշառել փոխհրաձգության էպիզոդը «չնկատած» քննիչին ու փրկվեց մեծ ժամկետ «շալակելուց»: Նրա մոտ գտան կեղծ փաստաթղթեր՝ անձնագիր ու վարորդական իրավունք, ու ստիպված դատեցին ընդամենը կեղծ փաստաթղթերի համար: Իվանկովը շուտով ազատվեց, սակայն արդեն օպերների ուշադրության կենտրոնում էր. օպերատիվ գրություններում նա ստացել էր «Լկտի» («Նագլեց») որակում-ծածկանունը:

goxer

#2 Հրաձգություն մարշալ Գրեչկոյի աչքի առաջ

Սերգեյ Ղազարովը ևս մեկ փոխհրաձգության մասնակիցը դարձավ: Այս անգամ Մոսկվայի կենտրոնում՝ Խորհրդային բանակի թատրոնի շենքի մոտ: Այն նույնքան աղմուկ հանեց, որքան բախումը մերձմոսկովյան ռեստորանում: Ցանկանալով կանգնեցնել Իվանկովի ավտոմեքենան` միլիցիայի աշխատակիցները 11 գնդակ արձակեցին: Այս անչափ հետաքրքրական տեսարանին զարմացած հետևում էին Ռումինիայի պետական-ռազմական պատվիրակության անդամները, որոնք հենց այդ ժամանակ ԽՍՀՄ պաշտպանության նախարար, մարշալ Գրեչկոյի ուղեկցությամբ դուրս էին գալիս թատրոնից: Պահպանությունն ապշել էր ու չգիտեր ինչ անել:

Այս պատմության մանրամասները ժամանակին ներկայացրել է իրադարձության մի հիմնական մասնակից` ոմն Միխայիլ Գլիոզա: «Կոլխոզնայա» հրապարակում գտնվող գարեջրատանը նա 1973-ին ծանոթանում է Մոսկվայի հանցագործ աշխարհի լեգենդներից մեկի` Կալինա Նիկոֆորովայի հետ: Կալյան գարեջրատան տնօրենն էր: Նախկին օպերները հավաստում են, որ հենց այս կինն էր այդ ժամանակների հնարամիտ հանցագործություններից շատերի միտքն ու գաղափարը:

Կալյան Գլիոզային խնդրում է օգնել իրեն` «Վոլգա» ձեռք բերելու համար: Կալյան գիտեր, որ Գլիոզայի կինն առևտրի նախարարի առաջին տեղակալի դուստրն էր: Նիկոֆորովան բացատրում է, որ մեքենան իր համար չէ, այլ իր ծանոթի` Սլավա Յապոնչիկի: Ո՞վ էր այս Յապոնչիկը. Գլիոզան այդ ժամանակ դեռ չգիտեր: Նա ստանում է 2.500 ռուբլին, տալիս նախարարի խորհրդականներից մեկին, բայց գործը չի ստացվում, և փողը վերադարձնում է Նիկոֆորովային: Սա` ըստ Գլիոզայի: Իսկ ըստ Ղազարովի, այս խորհրդականը գումարը պարզապես գրպանել է: Իվանկովը 1975-ի հունիսին հանդիպում է Գլիոզային ու պահանջում վերադարձնել պարտքը:

- Դու ինձ պարտք ես 5 կտոր: Կվերադարձնես վաղը` երեկոյան ժամը 10-ին, Խորհրդային բանակի թատրոնի մոտ: Իսկ առայժմ ես վերցնում եմ քո մեքենան,- ցածր, բայց հաստատաձայն ասում է Իվանկովը:

Գլիոզայի մեքենան ուներ աչքի ընկնող պետհամարանիշ («00-01 ՄՕՖ». այսպիսի համարներ ունեին Մոսկվայի միլիցիայի «շեֆերը») և հատուկ «տալոն», որն արգելում էր ստուգել ավտոմեքենան ու նրանում եղած անձանց: Իվանկովը «տալոնը» նույնպես վերցրեց: Բնական է, որ Գլիոզան պետավտոտեսչությունում ուներ «լավ» ծանոթներ, ովքեր նրան խորհուրդ տվեցին դիմել Մոսկվայի քրեական հետախուզություն` “МУР”: Երբ ներկայացված լուսանկարների մեջ նա ճանաչեց իրեն «վիրավորողին», օպերներից մեկը բերանից թռցրեց.

- Յապոնչիկն է: 1971 թվականից ենք փորձում նրան որսալ:

«Լկտիին» ձերբակալելու համար մշակվեց օպերատիվ պլան: Գլիոզան պետք էր որպես խայծ: Տուժողը պետք է Իվանկովին ասեր, թե պարտքը բերել է և օպերներին հարձակման նշան աներ` մազերը սղալելով: Հանդիպման վայրում Իվանկովը Գլիոզայի մեքենայով, ինքն էլ` ղեկին, մոտեցավ Գլիոզային, նրան հրամայեց նստել ու անմիջապես տեղից պոկվեց: Տուժողը «մազերը սղալելու» ժամանակ չունեցավ, անգամ ձերբակալման գործողության հնարավորությունը հասավ նվազագույնի: Այդ ժամանակ Իվանկովի մեքենայի դեմ դուրս եկան թաքստոցում նստած օպերները և կրակ բացեցին: Գնդակոծված «Վոլգայի» ուղևորներն անվնաս մնացին, ու մեքենան սլացավ դեպի անէություն: Այդ օրերին շոկի մեջ էին բոլորը` դատախազությունը, ՊԱԿ-ը: Իշխանությունները նույնիսկ մտածեցին, որ հրաձգությունն ամերիկյան հատուկ ծառայությունների կազմակերպած սադրանքն է: Իսկ այդ նույն ժամանակ Իվանկովի ընկերները նամակներ ուղարկեցին Բրեժնևին, Կոսիգինին, Անդրոպովին և Շչոլոկովին: Նրանք հաղորդում էին, որ կրակել է ոչ թե Իվանկովը, այլ միլիցիոները: Երբ Յապոնչիկին, այնուամենայնիվ, ձերբակալեցին, Գլիոզան փոխեց իր ցուցմունքն ու հայտարարեց, որ ինքն իսկապես պարտավոր էր փողը վերադարձնել, որը Յապոնչիկին չէր տվել Կալյա Նիկոֆորովան, որն այդ ժամանակ դատապարտվել էր վալյուտային զեղծարարությունների համար:

#3 Չէ՛, դուք գնացեք Կիև ու հարցրեք, թե ով էր…

Իվանկովն այդ տարիներին արդեն հանցագործ աշխարհի լեգենդներից մեկն էր դառնում: Նա «հեղինակություն» էր վայելում նաև պրոֆեսիոնալ գողերի շրջապատում: Բայց քրեական հետախուզությունն այդպես էլ դիմում չստացավ տուժածներից: Եվ ահա 1981 թվականին այդպիսի մարդ գտնվեց: Ֆիլատելիստ Արկադի Նիսենզոնն էր: Ահա քրեական գործում գտնվող նրա ցուցմունքը, որի համար Իվանկովին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման.

«… Մենք մտանք բնակարան… Ինձ մոտ սև պայուսակ կար, որի մեջ նամականիշների կատալոգն էր: Մոտ 15 րոպե անց դռան զանգը հնչեց: Եվան գնաց դուռը բացելու… Ներս մտան երկու տղամարդ, որոնց ազգանուններն էին Իվանկով ու Բիկով, ինչպես իմացա հետո: Իվանկովն Ալիկին ու Եվային ասաց, որ չանհանգստանան, նրանց միայն ես եմ պետք:

Իվանկովը մոտեցավ ինձ ու ասաց.

- Ես քեզ վաղուց եմ փնտրում: Ես Յապոնչիկն եմ:

Նա սպառնաց սպանել ինձ ու պահանջեց 60 հազար ռուբլի: Ես ասացի, որ ոչ մեկին ոչինչ պարտք չեմ: Նա վիրավորեց ինձ ու ասաց, որ 60 հազար ռուբլի պիտի տամ սրբապատկերների համար, 40 հազար էլ նրա համար, որ չեմ ընդունում իմ կատարած գողությունը»:

Արկադի Նիսենզոնը հավաքում էր ոչ միայն սրբապատկերներ ու դրոշմանիշներ: Նա թուլություն ուներ նաև տարադրամի հանդեպ: Մի գործընկեր ուներ` Մարկ Վոլոդարսկին, որը հետո օգնության համար դիմեց Իվանկովին: Նիսենզոնը Վոլոդարսկուն հրավիրում է «Տյոպլի ստան» ռեստորան: Վոլոդարսկին իր հետ վերցնում է մի քանի սրբապատկերներ, որոնք պետք է Նիսենզոնի հետ հանդիպելուց հետո ցույց տար ինչ-որ մեկին: Ռեստորանային հանդիպումի ավարտին Վոլոդարսկին մոտենում է իր մեքենային ու տեսնում, որ պահոցը ջարդուփշուր է արված, սրբապատկերներն էլ անհետացել են: Նա գողության համար անմիջապես մեղադրում է Նիսենզոնին: Թեև ֆիլատելիստը հավատացնում էր, որ ինքն անտեղյակ է, Վոլոդարսկին իր կապերի շնորհիվ Յապոնչիկին խնդրում է օգնել: Խեղճ ֆիլատելիստին «ընդհատակյա» բնակարան է բերում նույն Կալյա Նիկոֆորովան` ինչ-որ պատճառ հնարելով:

Իվանկովի «դրած» 100.000 ռուբլի «պարտքի» տակ կքած ֆիլատելիստը երկու քարի արանքում էր. միլիցիա դիմե՞լ, թե՞ ոչ. չէ՞ որ իր «ձեռքերն էլ մաքուր չէին»: Բայց քրեական հետախուզությունն ամեն ինչին արդեն տեղյակ էր: Սկսվել էր աննախադեպ մի գործողություն: Որոշեցին Իվանկովին ձերբակալել իր համախոհների հետ: ժամկետը ճշտվեց. 1981թ. մայիսի 14: Մոսկվայի քրեական հետախույզները որոշել էին ամեն կերպ հասնել «Լկտիին» ու նրան լավ «ֆռռացնում» էին` ստույգ տեղեկություններ ունենալով նրա բոլոր հանդիպումների մասին: Սամոտյոկում գտնվող մի տան մեջ հանդիպելու առիթը տվեց մոսկովյան մի խաղամոլ` «Լոխմատի» մականունով, նա Իվանկովին խնդրեց, որ Կիևի խաղանենգներից ետ ստանա իր 28 հազար ռուբլին: Վյաչեսլավ Կիրիլովիչն անմիջապես զանգեց Կիև..

Խոսում է Յապոնեցը: Ձեզ սպասում եմ մայիսի 13-ին, ժամը 18:00-ին, «ասորիների տանը»: Կգաք փողով:

Կիևի խաղանենգները` լիովին հնազանդ, եկան նշված հասցեով, Յապոնչիկին տվեցին 1.000 դոլար ու ֆիոնիտի մեծ խմբաքանակ: «МУР»-ի ամբողջ օպերատիվ կազմը մայիսի 14-ին աշխատում էր Յապոնչիկի ու նրա կապերի ուղղությամբ: Ավելի քան 200 խուզարկություն կատարվեց: Հերթապահություն էր սահմանված Պլաներնայա փողոցում գտնվող հվանկովի տան մոտ: Թաքստոց մտած հետախույզները 8:30-ին նկատեցին, թե ինչպես Իվանկովը զանգահարեց փողոցի տաքսաֆոնից, հետո գնդակի արագությամբ մոտեցավ իր մեքենային ու սլացավ: Պարզ էր, որ տեղեկության արտահոսք էր եղել: Քիչ հետո նա մի պահ կանգնեցնում է մեքենան, որպեսզի կինը նստի, և սլանում է խճուղով: Ու սկսվում է գանգստերական ֆիլմերին վայել հետապնդումը: Այս հետապնդման մասնակից Իվան Բիրյուկովը հետագայում «Հույժ գաղտնի» ամսաթերթի մեկնաբան Լարիսա Կիսլինսկայային պատմել է, թե ինչպես ինքը, կիսով չափ դուրս գալով սլացող ավտոմեքենայի պատուհանից, երկու անգամ կրակել է Iվանկովի մեքենայի վրա: Միլիցիայի լուսանկարիչը նույնիսկ հասցրել է «հավերժացնել» այդ պահը… Իվանկովը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, որը պետք է անցկացներ խստացված ռեժիմի գաղութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ