13:59 , 8 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Ավստրալական առաջատար «The Australian news» պարբերականում լույս է տեսել Հայոց ցեղասպանության հարցով ուսումնասիրություններ իրականացնող բրիտանացի հայտնի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնի հոդվածը, որտեղ հեղինակը անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը` շեշտելով, որ Ցեղասպանության իրողության չճանաչումը աշխարհի կողմից հավասարազոր է հանցավոր լռության:
«Ցեղասպանության 100 ամյա տարելիցի մոտենալուն զուգընթաց մեկ միլիոնից ավել հայերի բնաջնջման մասին հիշելը կարևոր է, ինչպես երբեք: Այդ դեպքերը քիչ են հիշատակվում որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն, այնպես, ինչպես 1939 թ-ին Հիտլերը որակեց երիտթուրքերի կողմից հնագույն քրիստոնյա ազգի մեծ մասի ոչնչացումը, իսկ Թուրքիայի կողմից առհասարակ խոսք չի գնում ներողություն խնդրելու և փոխհատուցելու մասին»,- գրում է հեղինակը:
Ռոբերթսոնի խոսքով` երիտթուրքերը բնաջնջեցին հայ տղամարդկանց, իսկ կանանց, երեխաներին և ծերերին էլ բռնի գաղթական դարձրեցին` ուղարկելով դեպի անապատ և այն տարածքները, որոնց մասին մենք հիմա լսում ենք միայն այն պատճառով, որ ծայրահեղական Իսլամական պետության տիրապետության տակ են անցել:
Հեղինակն հիշեցնում է, որ մեկ միլիոնից ավել հայերի բնաջնջումը որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն է որակվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կողմից դեռ 1915թ-ին, ավելի, այդ պետությունները Սևրի պայմանագրով ստանձնել են Ցեղասպանության իրագործողներին պատժելու պարտավորություն, բայց այն երբեք չեն իրագործել:
«Ժամանակակից Թուրքիան նախաձեռնել է Ցեղասպանության ժխտման մեծածավալ արշավ` հայտարարելով, որ կոտորածները պայմանավորված են եղել պատերազմական գործողություններով: Թուրքիայում այսօր կարող ես բանտում հայտնվել (ինչպես որ տեղի է ունեցել մի շարք մարդկանց հետ), եթե ընդունես, որ 1915 թ-ին Ցեղասպանություն է իրագործվել, ավելին, դա քրեական օրենսգրքի 301 հոդվածով կդիտվի որպես թուրք ազգին ուղղված վիրավորանք» ,- գրում է Ռոբերթսոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ