Հայաստանում հույսները կապում են Պապ թագավորի հետ և ամեն անգամ քաղաքական ճգնաժամ ունենում. Ավետիք Իշխանյան


11:06 , 8 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Հասարակությունը հպատակի հոգեբանությամբ սպասում է բարի թագավորի գալուն, որը հեքիաթներում է միայն լինում: Իսկ քաղաքական ուժերը, չունենալով կուսակցական ժողովրդավարություն, իրենք էլ իրենց հերթին հույս ունեն գալ իշխանության և Սահմանադրությամբ ունենալ հսկա թագավորական լիազորություններ:Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

-Պարո՛ն Իշխանյան, Հայաստանին անհրաժե՞շտ են սահմանադրական փոփոխություններ։

-Սահմանադրության մեջ մենք ունենք մի գլուխ, որը հռչակում է մեր ազատությունն ու իրավունքները, բայց այդ հռչակումները կոպեկի արժեք չունեն, քանի որ իշխանության ձևավորումը հնարավորություն չի տալիս այդ իրավունքների պաշտպանությանը: Այս տեսակետից ես կարծում եմ՝ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխությունները, բայց համաշխարհային փորձը ցույց է տվել, որ իշխանության տարանջատում և պահանջ նոր Սահմանադրության ընդունմամբ լինում է հասարակության ճնշմամբ: Հասարակությունը գիտակցում է, որ այդ իշխանությամբ երկիրը զարգանալ չի կարող: Հայաստանում, ցավոք, հասարակության և քաղաքական ուժերի կողմից այդ պահանջը չկա դրված: Հասարակությունը թերևս հպատակի հոգեբանությամբ սպասում է բարի թագավորի գալուն, որը հեքիաթներում է միայն լինում: Իսկ քաղաքական ուժերը, չունենալով կուսակցական ժողովրդավարություն, իրենք էլ իրենց հերթին հույս ունեն գալ իշխանության և Սահմանադրությամբ ունենալ հսկա թագավորական լիազորություններ:

- Իշխանությունները, փաստորեն, իրենք են նախաձեռնել այդ փոփոխությունները։

-Ինձ համար դեռևս անհասկանալի է իշխանությունների՝ սահմանադրական բարեփոխումների գնալու ցանկությունը, որովհետև ես դեռևս չգիտեմ համաշխարհային պատմության մեջ դեպք, երբ իշխանությունն իր կամքով գնում է իր իշխանության սահմանափակման: Հատկապես Հայաստանի պարագայում, երբ մի կողմից Հանրապետական կուսակցությունն իր իշխանությունը երկարատև պահելու մասին է մտածում, մյուս կողմից էլ՝ իբր գնում է ինչ-որ սահմանադրական փոփոխությունների: Թերևս հարց է, թե ինչ նպատակով է դա արվում: Կարող եմ միայն ենթադրել հետևյալը, որ Հայաստանում մարդիկ հույսը կապում են Պապ թագավորի հետ, և ամեն անգամ նախագահական ընտրությունների ժամանակ մենք ունենում ենք քաղաքական ճգնաժամ: Իշխանությունները ցանկանում են ավելի ճիշտ իշխանության վերարտադրում անել առանց ճգնաժամի, պատճառը սա է, ես առայժմ չունեմ հստակ պատասխան:

-Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ենթադրում է, որ պետք է անցում կատարվի խորհրդարանական կառավարման համակարգի, որի ջատագովը ժամանակին ընդդիմության ներկայացուցիչներն էին։ Բայց այսօր նրանք դեմ են արտահայտվում այդ փոփոխություններին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը:

-Ճիշտ կլինի՝ իրենք այդ հարցին պատասխանեն նրանով, որ այս իշխանություններն իրավունք չունեն սահմանադրական փոփոխություններ անել, քանի դեռ ընտրական իրավունքն ապահովված չէ, և այլն: Բայց, իմ կարծիքով, պատճառներից մեկն այն է, որ այն ժամանակ ուղղակի դա կարգախոս էր, իսկ հիմա ինչ-ինչ պատճառներով նրանք մտածում են, որ հնարավոր է՝ իշխանափոխություն լինի: Եթե մենք ընդունենք, որ այս փոփոխությունն ընդամենը ծուղակ է՝ իշխանությունների կողմից ստեղծված, ապա կարծում եմ, որ այդ ծուղակը միշտ էլ կարելի էր բացահայտել: Եթե իրենք կողմ էին խորհրդարանական կառավարման համակարգին, ապա կարող էին առաջարկություններով հանդես գալ, և երբ կտեսնեին, որ իրենց առաջարկությունները չեն անցնում և այդտեղ իսկապես ծուղակ կա, միշտ էլ բոյկոտել կարելի էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ