10:30 , 8 նոյեմբեր, 2014
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, անդրադառնալով էներգետիկայի ֆինանսատնտեսական վիճակին, գնահատել է այն, մեղմ ասած, ոչ բարվոք: Նախարարը նշել է, որ էներգոհամակարգը լուրջ կորուստներ ունի, որը հանրության համար հնչեղություն ունեցող կարևորագույն խնդիր է. «2009-ից մինչև այսօր էներգոհամակարգում կորուստների չափը չի իջել ոչ մի տոկոսով, այնինչ ուսումնասիրությունների համաձայն, կորուստների 1% իջեցումը 2 տարվա կտրվածքով կարող է ապահովել 5.1 մլրդ դրամ եկամուտ»,- ասել է նախարարը:
Սա իրոք մտահոգիչ հայտարարություն է, բայց ուրախալի է, որ նախարարն ինքն է բարձրաձայնում այս խնդիրը, հետևաբար կարելի է ենթադրել, որ ինքը հետևողական է լինելու պետությանը հասցվող այս չափի արհավիրքը վերացնելու հարցում:
Երվանդ Զախարյանի այս հայտարարությունը սառը ցնցուղ է լինելու տարիներ շարունակ էներգետիկայի համակարգում միլիոններ աշխատող տարբեր ռանգի չինովնիկների համար, ովքեր ուղղակի պետք է պատասխան տան իրենց վատ կամ դիտավորյալ համակարգը թուլացնող գործունեության համար: Մի կողմից բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ պատճառաբանվելով, որ էլեկտրական ցանցեր ընկերությունը ֆինանսական դեֆիցիտ ունի, մյուս կողմից այդ ընկերությունում աշխատող բարձր պաշտոնյաները ուղղակի ապրում են մեծահարուստի կյանքով:
Հեծանիվ հորինել պետք չէ՝ հասկանալու համար, որ մի քանի ոչ բարեխիղճ և ագահ չինովնիկների պատճառով այսօր քաղաքացիներն են ստիպված ավելի թանկ վճարում էլեկտաէներգիայի դիմաց: Պետք է հաշվել ֆինանսական ռիսկերը և պատասխանատվության ենթարկել բառիս բուն իմաստով ժողովրդին կեղեքող բաշիբոզուկներին: Երվանդ Զախարյանի նմանօրինակ պահվածքը համարում եմ քաղաքացու և պետության շահերը սպասարկող քայլ:
Հ.Գ. Երվանդ Զախարյանը նորանկախ Հայաստանի ամենապրոֆեսիոնալ պաշտոնյաներից մեկն է, և այսօր էլ նա շարունակում է նոր պաշտոնում ծառայել պետությանը: Կարծում եմ՝ լրատվականները պետք է իրենց խոշորացույցի տակ առնեն այս անչափ կարևոր խնդիրը և թիկունք լինեն նախարարին՝ վերջ տալու էներգոհամակարգում տեղի ունեցող բացթողումներին: