09:45 , 8 նոյեմբեր, 2014
Նոյեմբերի 7-ի խորհուրդը մեծ է և աններելի է մոռանալ հին ու բարի հուշերն ու պիկետները:
Հավանաբար այս հանգամանքն էր խթան հանդիսացել, որ ԲՀԿ-ն իր հերթական պոլիտբյուրոյի պլենումը կազմակերպեր այս տոնի նախօրեին: Պլենում հրավիրեց, և բոլորն իմացան, որ ԲՀԿ գրասենյակները ողջ ՀՀ տարածքում դադարում են՝ որպես այդպիսիք գոյություն ունենալուց, և մի «ֆանտաստիկ» տրյուկով վերածվում են համաժողովրդական շարժման շտաբների (չգիտեմ ինչու, իմ կամքից անկախ, միանգամից հիշեցի մի շարժում ևս՝ «համազգային» վերտառությամբ, սակայն նա ուներ միևնույն ղեկավարը, ով այսօրվա Եռյակի լիդերներից մեկն է. մնում է միայն, որ այս նոր «համա»-ն, դեռ չսկսած, չարժանանա նախորդի ճակատագրին):
Նկատենք մի հետաքրքիր հանգամանք, եթե ԲՀԿ-ն իր պոլիտբյուրոյի նիստը գումարեր և քննարկեր զուտ ներկուսակցական խնդիրներ, ապա նիստի փակ լինելու տրամաբանությունն ակնհայտ էր, ինչ-որ տեղ նաև օրինաչափ, սակայն երբ պլենումում դրված է համաեռյակյան հրատապ հարց, և այդ նիստին չեն մասնակցում գոնե Եռյակի ղեկավարները, ապա հասկանալի է, որ ԲՀԿ-ն փոշիացնում է իր պարտնյորներին:
Եռյակի ղեկավարներն այդ նիստին պետք է ունենային գոնե «խորհրդակցական ձայնի» իրավունք:
Նման պարագայում արդեն ընդունելի չէ, երբ հայտարարվում է, թե «հարթակը հավասար է», այս քայլով արհամարհվում է նաև Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն միտքը, ըստ որի «Եռյակի գործողություններն առաջնորդները կքննարկեն և կտեղեկացնեն ժողովրդին»:
Ստացվում է, որ Եռյակի իրական լիդերը ԲՀԿ-ը ղեկավարն է՞:
Հայտնի է՝ քաղաքական կյանքը թևակոխել է այնպիսի մի էտապ, երբ հիմնական թելադրող գործոնը դարձել են ոչ թե գաղափարները, այլ ֆինանսները, հավանաբար հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ն ունի նման դեսպոտ պահվածք:
Ստացվում է, որ «ով վճարում է, նա պատվիրում է երաժշտությունը» թեզիսը դարձել է էլ ավելի ակտուալ:
Նվիրվում է նոյեմբերի 7-ի՝ բոլշևիկյան հեղափոխության հիշատակին: