02:36 , 8 նոյեմբեր, 2014![]()
Lurer.com–ը գրում է.
Հայաստանում ստեղծվել է Մսամթերք արտադրողների միություն: Այս մասին նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Երկու օր առաջ 17 մսամթերք արտադրողներ համախմբվեցին մսամթերքի արտադրության ոլորտի զարգացման, մսամթերքի իրացման ծավալների աճի ապահովման, ոլորտում գործող կազմակերպությունների համագործակացության ընդլայնման և համատեղ ուժերով թիրախային շուկաներում հայրենական արտադրանքի վարկանիշի արդյունավետ առաջմղման նպատակով», - տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարի տեղակալը:
Ռոբերտ Մակարյանը նաև նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ նորաստեղծ միության համար մշակվել են միության կանոնադրության և հիմնադիր պայմանագրի նախագծերը, որոնք ներկայացվել են ոլորտի ընկերություններին, և կազմակերպվել է վերջիններիս հետ քննարկում: Նոյեմբերի 5-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացած Հայաստանի մսամթերք արտադրողների միության հիմնադիր ժողովի ընթացքում հաստատվել է միության կանոնադրությունը, ընտրվել է միության նախագահ: Առաջիկայում միությունը կգրանցվի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: