15:16 , 7 նոյեմբեր, 2014
Նոյեմբերի 7, բոլորի համար հերթական շարքային ուրբաթ, սակայն հայ քաղաքական դաշտի ոչ իշխանականան ներկայացուցիչների համար վերջին մի քանի «ուրբաթները» դարձել են մի տեսակ անցանկալի ու ինչ-որ տեղ նաև տհաճ հասկացություններ՝ նրանց համար դարձել են «չարչարանաց ուրբաթներ»:
«Չարչարանաց», որովհետև Եռյակի կողմից փորձ արվեց քաղաքական դաշտը միանգամից «հռնդյունով» գրավել, սակայն այդ փորձը այդպես էլ մնաց փորձ՝ շրջանակները չընդլայնեցին, ընդհակառակը գնալով սկսել է մարման գործընթացը:
Նախօրեին կայացավ ԲՀԿ պոլիտբյուրոյի նիստը, որտեղ հնչեցին ու քննարկվեցին «քաղաքական մտքին» նոր հորիզոններ նվաճելու հեռանկարներ ընձեռող գաղափարներ. սկսվում է նոր «աջաբսանդալային քաղաքականության» մրցապայքարը: Քաղաքականությանը նման որակում տալը հարիր է այնքանով, որ իրականում հասկանալի չէ, թե ո՞վ, ու՞մով, ինչի՞ է ուզում հասնել, և ամենակարևորը վերջում ո՞վ կստանա «դափնիները»:
Պոլիտբյուրոյի որոշմամբ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ի շտաբները պատրաստ են ծառայելու «ազգանվեր» ու «սուրբ» գործին, նաև հույս հայտնվեց՝ առաջիկա ուրբաթները ըստ արժանվույն կօգտագործվեն: Ահա այստեղ բախվում ենք մի շարք հարցերի. օրինակ, ի՞նչ դիրքորոշում կունենան և ինչպե՞ս կարձագանքեն ԲՀԿ գրասենյակի հրահանգիչները, երբ իրենց «օջախ» թափանցեն ՀԱԿ-իստները կամ սկսեն խառնվել իրենց գրասենյակային կյանքի քողարկած նրբություններին, այստեղ, ըստ տրամաբանության, առաջանալու է նաև լուրջ ֆինանսական պայքար:
Ակնհայտ է դառնում, որ եթե լիդերների մակարդակով առկա են բացահայտ հակասություններ, որն անգամ հարթակից ակնհայտ երևում է, ապա կուսակցությունների երկրորդ էշելոնում արդեն կարելի է ենթադրել, թե ինչ գզվռտոցներ են տեղի ունենում:
Քանի որ առաջնորդները հետապնդում են որոշակի մեծապետական «ակնկալիքներ», իսկ «երկրորդականներն» այս պարագայում կորցնելու ոչինչ չունեն և գործում են ավելի կոշտ: Ըստ էության՝ գոյություն ունեցող հանգամանքները կխորացնեն Եռյակի ճաքերը և կհանգեցնեն վերջնական ֆիասկոյի:
Հերթական ուրբաթի ակնկալիքներով Եռյակը սլանում է անորոշություն: