Անտարբերությունը չարիք է ծնում, բայց հազվադեպ է դաս դառնում սերունդների համար: Բոլոր ժամանակներում անտարբերությունն առկա է՝ խաթարելով ճակատագրեր, գողանալով կյանքեր, դառնալով ոչնչացման, ինքնաոչնչացման պատճառ: Երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը Նիկոլաս Բայերի «Դեպք մետրոյում» կինոսցենարի հիման վրա բեմադրել է ներկայացում, որում զբաղված են Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի երիտասարդ դերասան-դերասանուհիներ: Գլխավոր դերերում են Նարեկ Հայկազյանը, Ալիկ Թադևոսյանը, Մարջան Ավետիսյանը և Անի Պետրոսյանը փոխարինում են միմյանց՝ փորձելով կերտել նույն կերպարը տարբեր տեսանկյուններից, ինքնատիպ ու հետաքրքիր: Life.panorama.am-ը զրուցել է ռեժիսորի և դերասանների հետ՝ փորձելով բացահայտել երիտասարդ արտիստների անհանգստության պատճառները:
.jpg)
Դավիթ Հարությունյան. Ճիշտն ասած՝ բավական գործեր ներկայացրեցի, բայց ընտրեցինք «Դեպք մետրոյում»-ը: Իմ նախընտրությունն էլ էր սա, քանի որ այս գործը շատ լուրջ աղերսներ ունի իր մեջ: Ոչ թե նպատակը միայն այդ դաժանությունը ցույց տալն էր, այլ ցանկանում էի, որ մեր հասարակությանը վերաբերող որոշ հարցեր բարձրաձայնվի: Ներկայացման մեջ երկու հղփացած, ձախողված երիտասարդներ բազում մարդկանց են ահաբեկում, ճակատագրեր խեղում: Միայն մեկ հոգի է կարողանում նրանց դեմ դուրս գալ: Փառք Աստծո, որ գոնե հատուկենտ մարդիկ կան, ովքեր այդ հարցին լուծում են տալիս, թեև, երբեմն, սեփական կյանքի գնով: Սակայն մենք նրանց փառաբանում ենք միայն իրենց վախճանից հետո:Նոր «ֆորմաներ» օգտագործեցինք և՛ բեմանկարչության, և՛ ներկայացման ընդհանուր լուծումներում: «Խարակտերային» շատ հետաքրքիր կերպարներ կան այստեղ: Անտարբերության, վախեցած հասարակության, միայնակ մարդու կեցության մասին է: Այսօր շատ երկրներում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում առավել շատ կա այս խնդիրը: Հասարակությունը, որն արդեն հիվանդ է, չի գիտակցում իր ոչ լավը, ոչ վատը, ոչ գինն ու ինքնասիրությունը, շարունակ «վիժելու» է նոր գլխակերներ ու ակամայից դառնալու է դրանց զոհը: Մենք հիմա նման խնդիրներ ունենք, բայց չենք կարողանում միաբանվել ու իրենց դեմն առնել: Ցանկացած առողջ հասարակություն շատ արագ այդ հարցը լուծում և առաջ է անցնում: Իսկ այստեղ գործ ունենք հավատը կորցրած մարդկանց հետ: Հենց այնպես չի ծնվել «Եղունգ ունես, գլուխդ քորիր» ասացվածքը: Գնալով մեծ վիհ է առաջանում մարդկանց շփման մեջ: Ես շատ եմ նկատում մարդկանց, ովքեր հուսահատված են ու խուսափում են պայքարի ցանկացած ձևից: Այդպես կարող ենք կղզիանալ ու ինքներս մեր մեջ պարտվել: Իսկ թշնամին սպասում է հասարակության քայքայմանը: Ես առավել շատ կցանկանայի, որ այս ներկայացումը դիտեն երիտասարդները, որպեսզի նմանատիպ ճանապարհով չգնան, ավելի ուշադիր լինեն միջավայրին, ընկերներին, բակին, հարևաններին, ի վերջո՝ համաքաղաքացիներին մենակ չթողնեն դժբախտության ժամանակ: Շատ հնարավոր է վաղը հայտնվենք այն անտարբերության մեջ, որն ինքներս ենք ստեղծել: Միասնական պետք է լինել, ինչպես ասում են՝ «Գյուղ հավաքվի, գերան կկոտրի»: Չարիքի դեմը պետք է բոլորով «առնենք», ոչ թե մեկ-երկուսով:
