Վիրահատությունների ժամանակ տեղի ունեցած 8 ամենատարօրինակ միջադեպերը


13:08 , 7 նոյեմբեր, 2014

1. Ջութակահարուհին դասական երաժշտություն էր նվագում սեփական գլխուղեղի վիրահատության ժամանակ

Իսրայելական հիվանդանոցում Նաոմի Էլիշուվին ենթարկում էին գլխուղեղի վիրահատության, երբ նա վիրաբույժների համար դասական երաժշտության համերգ կազմակերպեց։ Նաոմի Էլիշուվն աշխատում էր իբրև ջութակահարուհի Լիտվայի ազգային սիմֆոնիկ նվագախմբում։ 20 տարի առաջ բժիշկները նրա մոտ ախտորոշեցին էսենցիալ դող։ Հիվանդության պատճառով նա ստիպված էր հրաժարվել երաժշտական կարիերայից։  

2014 թ. սեպտեմբերի 9-ին Թել Ավիվի Սուրասկիսի անվան բուժկենտրոնի մասնագետները վիրահատեցին Էլիշուվի ուղեղը՝ դողի ախտանշանները մեղմելու համար։ Նրանք ուղեղի ախտահարված մասում փոքրիկ խթանիչ տեղադրեցին, որը կարող էր վերահսկել վերջույթների դողը էլեկտրական ազդակների շնորհիվ։ Նյարդավիրաբույժ Իցհակա Ֆրիդի խոսքերով՝ էլեկտրախթանիչի պատվաստման համար բժիշկներին անհրաժեշտ էր, որպեսզի Նաոմի Էլիշուվն ակտիվ մասնակցություն ցուցաբերեր գործընթացում։ Բժիշկները խնդրեցին նրան վիրահատության ժամանակ ջութակ նվագել։ Ֆրիդն ասել է.

Խթանիչը բարեհաջող կերպով Նաոմի Էլիշուվի ուղեղում տեղադրելուց հետո մենք նկատեցինք, որ դողն անհետացավ։ Էլիշուվը շարունակում էր Մոցարտ նվագել, սակայն արդեն առանց ձեռքերը դողացնելու կամ այլ կողմնակի երևույթների բախվելու։


2. Ամերիկուհին վիրահատական սեղանին դեմքի այրվածքներ է ստացել  


2005 թ.-ին ԱՄՆ-ի բնակչուհի Ռիտա Տալբերտը պետք է ենթարկվեր վահանագեղձի ոչ բարդ վիրահատության։ Երբ վիրահատությունից մեկ ամիս անց կինն ուշքի եկավ ինտենսիվ թերապիայի բաժնում, նա անտանելի ցավ զգաց դեմքի հատվածում։ Ռիտան նայեց հայելու մեջ ու սարսափեց։ Նրա կզակը, քիթն ու շուրթերը պատված էին խորն այրվածքներով, որոնց հետքերը մինչ օրս էլ չեն անցել՝ չնայած տասնյակ վերականգնողական վիրահատություններին։ Կինը չի կարողանում նորմալ խմել, սնվել և անգամ շնչել։
Ռիտա Տալբերտը դեմքի այրվածքները ստացել է վահանագեղձի վիրահատության ժամանակ։ Ամենայն հավանականությամբ՝ այրվածքների պատճառն այն էր, որ բժիշկներն անփութորեն էին վարվել էլեկտրախարանիչի հետ։ Սա հանգեցրեց վիրաբուժական սավանի բռնկմանը, Թալբերտն էլ դեմքի և պարանոցի հատվածում երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ ստացավ։
Ամերիկայում նմանատիպ դեպքեր հաճախ են գրանցվում։

3. Վիրահատության ժամանակ բժիշկները թղթե բեղեր են սոսնձել հիվանդին

2013 թ.-ին Լոս Անջելոսի բնակչուհին, ում անունն անհայտ է մնացել, դատի տվեց տեղի հիվանդանոցներից մեկի բժիշկներին։ Նա մեղադրում էր բժիշկներին վիրահատության ժամանակ զվարճանալու համար իր դեմքին թղթե բեղեր սոսնձելու մեջ՝ վիրավորելով իր արժանապատվությունը և վտանգի տակ դնելով իր առողջությունը։

Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, այս կինը զբաղվում էր տվյալ հիվանդանոցի բուժսարքավորումների մատակարարմամբ։ Հայցում նշվում էր, որ երբ կինը գտնվել է անեսթեզիայի ազդեցության տակ, նրա ծանոթ բժիշկները որոշել են կատակել՝ սոսնձելով նրա դեմքին սև գույնի թղթե բեղեր և դեղին արցունքներ, ինչպես նաև լուսանկարվելով նրա հետ։ Այս մասին կինն իմացել է ապաքինվելուց ու աշխատանքի վերադառնալուց հետո։

4. Բժիշկները «Twitter»-ի օգտատերերին օնլայն հաղորդել են վիրահատության անցկացման յուրաքանչյուր քայլի մասին և համապատասխան լուսանկարներ տեղադրել «Pinterest»-ում 


2012 թ.-ի մայիսի 9-ին պատմության մեջ առաջին անգամ «Houstons Memorial Hermann» հիվանդանոցում առաջատար մասնագետ Դոնգ Քիմի ղեկավարությամբ գլխուղեղի վիրահատություն կատարեցին և միաժամանակ «Twitter»-ի օգտատերերին տեղյակ պահեցին վիրահատության ընթացքի մասին։ Վիրահատության ենթարկվող մարդու անունը չէր հրապարակվում։ Երբ նա էպիլեպսիայի նոպա ունեցավ, բժիշկները նրա մոտ գլխուղեղի ուռուցք հայտնաբերեցին։ Կիմին ու նրա գործընկերներին ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ հաջողվեց ճշգրտորեն տեղորոշել քաղցկեղային բջիջները, իսկ ապա բարեհաջող կերպով հեռացնել դրանք։ Մինչ Դոնգ Կիմն աշխատում էր վիրահատարանում, բժիշկների խումբը, որում նաև նյարդավիրաբույժ կար, պատասխանում էր «Twitter» սոցիալական կայքի աշխատողների հարցերին, ինչպես նաև լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրում, որոնցում ներկայացված էր հարևան սենյակում անցկացվող վիրահատության այս կամ այն փուլը։

5. Վիրաբույժն իր անվան սկզբնատառերն է «փորագրել» վիրահատվող կնոջ որովայնին  


Կեսարյան հատում իրականացնելուց հետո բժիշկ Ալան Զարկինն այնքան էր հպարտանում, որ որոշեց իր անվան սկզբնատառերը «փորագրել» քիչ առաջ վիրահատության ենթարկված կնոջ որովայնին։ Վիրահատությունից հետո իր որովայնին մնացած տառերը տեսնելով՝ ցնցված կինն ասել է. «Ես ինձ խարանված կենդանի եմ զգում»։ Վիրաբույժի կողմից արված կտրվածքներից հետո կնոջ մոտ սպիեր մնացին։ Նա դատի է տվել Ալան Զարկինին և այն հիվանդանոցին, որտեղ նա աշխատում էր, և հույս ունի իբրև փոխհատուցում 5.5 մլն. դոլար ստանալ։

6. Անեսթեզիոլոգը վիրահատության ժամանակ սեքստինգով է զբաղվել


Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ են զբաղվում անեսթեզիոլոգները, երբ պացիենտը նարկոզի ազդեցության տակ պառկած է վիրահատական սեղանին։ Կարգին բժիշկները հետևում են նրա կենսական կարևորություն ներկայացնող օրգանների վիճակին, իսկ ցնդածներն այդ ժամանակահատվածում փոխանակվում են ինտիմ բնույթի SMS-ներով ու լուսանկարներով։   

2014 թ.-ին Սիեթլի իշխանությունները լիցենզիայից զրկել են տեղի հիվանդանոցներից մեկում աշխատող մի անեսթեզիոլոգի՝ աշխատավայրում բազմիցս սեքստինգով զբաղվելու համար։ 47-ամյա Արթուր Զիլբերշտեյնը սեքստինգով էր զբաղվում անգամ այնպիսի լուրջ վիրահատությունների ժամանակ, ինչպիսիք են կեսարյան հատումը, սրտի զոնդավորումը և այլն։ Տղամարդը մեղադրվել է նաև հաճախորդների մասին բժշկական տեղեկատվությունը սեռական բավարարման հասնելու նպատակով օգտագործելու մեջ։


7. Բժիշկ-անեսթեզիոլոգը որոշեց երիկամների վիրահատության ժամանակ ճաշի ընդմիջում անել


2011 թ. հունվարին՝ ժամը 10:45, երիկամների խնդիր ունեցող մի 72-ամյա տղամարդու նարկոզ տվեցին՝ երիկամների վիրահատություն կատարելու համար։ Կարճ ժամանակ անց տղամարդը քնեց, իսկ 12.00-ին գլխավոր անեսթեզիոլոգը դուրս եկավ վիրահատարանից և ուղևորվեց ճաշարան, 15 րոպե անց ավագ բուժքույրը ևս գնաց ճաշելու՝ հիվանդին թողնելով առանց հսկողության։ Նրանց հեռանալուց կարճ ժամանակ անց հիվանդի մոտ ներքին արնահոսություն սկսվեց, և նրա ճնշումը սկսեց տրուկ ընկնել։ Երբ բժիշկ-անեսթեզիոլոգն ու գլխավոր բուժքույրը վերադարձան վիրահատարան, նրանք հայտնաբերեցին, որ արհեստական շնչառության սարքն անջատված էր, և տղամարդն արդեն 8 րոպե էր, ինչ առանց թթվածնի էր մնացել։ Նրան գիտակցության բերելու բոլոր փորձերն ապարդյուն անցան, և մի քանի շաբաթ անց նա մահացավ։   

8. Երգչուհին երգում էր կոկորդի ուռուցքի հեռացման վիրահատության ժամանակ


Փարիզաբնակ երգչուհի Ալամա Կանտեն երգեր էր երգում իր կոկորդի ուռուցքի հեռացման վիրահատության ժամանակ՝ համոզվելու համար, որ բժիշկները չեն վնասի իր ձայնալարերը։ Հասկանալով, որ ձայնալարերի ու կոկորդի նյարդերի անգամ չնչին վնասվածքը  կարող է վերջ դնել Կանտեի երաժշտական կարիերային՝ երգչուհու բժիշկները որոշեցին նարկոզ տալու փոխարեն հիպնոսացնել նրան, որպեսզի նա գիտակից մնա վիրահատության ընթացքում։ Անրի Մոնդոր հհիվանդանոցի բժիշկ Ժիլ Դոները մոտ երկու տարի շարունակ զբաղվում էր բուժական հիպնոսի մեթոդիկայի կատարելագործմամբ։ Ալամե Կանտեն վիրահատության ենթարկվեց 2014 թ. փետրվարին, և այն բարեհաջող ընթացավ։ Երկու ամիս անց երգչուհին հանդիսատեսի հետ կիսվեց վիրահատության անցկացման մանրամասներով և հայտնեց, որ այժմ ինքը միանգամայն առողջ է։