11:36 , 7 նոյեմբեր, 2014
ՀՀԿ Տատիկի արկածները...
Երեկ ՀՀԿ տատին հայտնվել էր կիզակետում, փայտով մի կնոջ խփեց, այդ կինն էլ նրան տապալեց գետնին: Ոստիկանները միջամտեցին ու երկու տարեց կանանց բերման ենթարկեցին կամ ոստիկանության խոսքով ասած՝ հրավիրեցին բաժին պարզաբանումներ տալու համար: Է պարզաբանելու ինչ կա, սաղ պարզ էր: Բայց որ ՀՀԿ տատին ՀՀԿ-ի համար ավելի շատ ա անում ու ավելի շատ արած դրած ունի, քան որոշ ՀՀԿ պատգամավորներ, էտ մեկը փաստերի փաստն ա: Հաջորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ տատիկին ցուցակով պետք ա անցկացնել: ՀՀԿ տատին ԱԺ-ում հակակշիռ կլինի Զարուհի Փոստանջյանին:
Երեկ MyPage.am-ի խմբագրությունը հարց էր ուղարկել ՖԲ հիմնադիր Մարկին: Հարցնում էին, թե ինչ պետք է անի Մարկը ՖԲ-ում Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ: Սկզբում հարցը լայքեր էր հավաքում, հետո ՖԲ ադմինիստրացիան այն փակեց, բայց որոշ ժամանակ Հայաստանից ու ամբողջ աշխարհից գնացող բողոքները երևի թե հաշվի առան, ու հարցի հասանելիությունը կրկին վերականգնվեց: Մարկ ջան, ցեղապանությունները ժխտելով՝ դու նոր ցեղասպանությունների համար հիմք ես ստեղծում:
ԲՀԿ-ն երեկ քաղխորհրդի նիստ գումարեց, ու մի քանի ժամ հետո պարզ դարձան արդյունքները: Ասելիքները չէին փոխվել, հիմնական անելիքները՝ նույնպես: Ուղղակի Գայ Ֆոքս (Հեղափոխական) շտաբեր են բացվելու, ու դրանք, ոնց հասկացա, ոչ միայն Հայաստանում են բացվելու, այլ նաև Սփյուռքում: Առաջին հերթին այդ շտաբերից պետք է բացեն ԱՄՆ-ում, որովհետև այնտեղ էլ են հանրապետականները կամաց-կամաց մեծամասնություն կազմում: Փաստորեն, քաղնիստը կառուցվածքային փոփոխություններ մտցրեց Եռյակում:
Կառուցվածքային փոփոխություններով հարուստ օր էր երեկ: Կառավարությունն էլ մի երկու նախարարություն կպցրեց իրար ու մեկ նորը ստեղծեց: Ասում եմ՝ ինչքան շատ նախարարություն վերահսկի Արմեն Երիցյանը, այդքան լավ, գոնե այդ ոլորտները արագ կկարգավորվեն: Ես միանշանակ կողմ եմ, որ Արմեն Երիցյանը հանդես գա որպես «Էքստրա սուպերնախարար»:
Էս Վրաստանն էլ ձեռքից գնում ա: Ասում են՝ գնում ենք Եվրոպա, Եվրոպա, մեկ էլ հոպ ինչ-որ բաներ ա սկսում կատարվել այնտեղ: Նինո Բուրջանաձեն էլ երեկ հայտարարեց, որ Վրաստանը կանգնած ա Մայդանի առաջ: Վարդերի հեղափոխության ժամանակ Նինոն ասեց, որ հեղափոխություն ա լինելու, եղավ: Ասեց, որ Սահակաշվիլուն քցելու են, քցեցին: Հիմա Աստված չանի՝ նրա կանխատեսած Մայդանը սկսվի: Չնայած մի թեթև Մայդան որ սկսվի, կարող ա մենք էլ Ջավախքը հետ վերցնենք: