17:50 , 6 նոյեմբեր, 2014
Aravot.am-ը գրում է․
Այս գումարման խորհրդարանի առաջին իսկ նիստում մեր հարգարժան գործընկեր Վահան Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթով՝ պնդելով. «Վարագույրները հետ քաշելու, իրականությանը բաց աչքերով նայելու եւ ինքնախաբեությունը մերժելու ժամանակն է»: Պարոն Հովհաննիսյանը թեեւ այսօր խորհրդարանական մեր շարքերում չէ, սակայն նրա այդ միտքը եղել եւ մնում է արդիական ինչպես մեզ՝ քաղաքական գործիչներիս, այնպես էլ ավելի լայն՝ մեր ուժահատ քաղաքական համակարգի, նույնքան ուժահատ քաղաքական ընտրանու եւ որ ավելի կարեւոր է՝ նույնիսկ նման իրավիճակում մեր քաղաքական համակարգի ու նրա ընտրանու հետ դեռ հույսեր կապող մեր ժողովրդի համար: Հայաստանի հուսալի ու անվտանգ ապագայի շուրջ որեւէ լուրջ ծրագիր կամ նույնիսկ մտորման ազնիվ մղում չի կարող շրջանցել հայաստանյան քաղաքական համակարգի բարեփոխման հրամայականը: Ոմանք այն կարող են տեսնել որպես սահմանադրական փոփոխությունների, ոմանք՝ քաղաքական հաստատուն կամքի դրսեւորման, ոմանք էլ այլ հարթություններում լուծելի խնդիր: Կգտնվեն, անշուշտ, նաեւ մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չտեսնելու կտան այս հրամայականը կամ անկեղծորեն չեն նկատի դա, կամ էլ քաղաքական համակարգը կմտազուգորդեն այդպահային քաղաքական իշխանությունների կամ ընդդիմության արատների թվարկման հետ: Ինչպիսին էլ լինեն իրավիճակի գնահատականները կամ քաղաքական համակարգի բարեփոխումների վերաբերյալ պատկերացումները, դրանք հաջողության կարող են հավակնել բացառապես մեկ պարագայում. երբ վեր կանգնելով սեփական անցյալի ու ապագայի ծրագրերի վերաբերյալ նեղթիմային կամ հատվածական շահերից ու մեկնաբանություններից՝ անկողմնակալ գնահատական տրվի հարցադրմանը, թե ինչպիսին է մեր քաղաքական համակարգն այսօր, էվոլյուցիոն ինչ ճանապարհ է անցել այն անկախության ու ազգային զարթոնքի 20-25 տարիների ընթացքում, եւ որ ամենակարեւորն է՝ արդյոք այն իր մեջ շարունակո՞ւմ է զարգացման բավարար ռեսուրսներ պահպանել:
Գոյություն ունեցող տասնյակ գիտական, կիսագիտական, լրագրողական կամ հրապարակախոսական ձեւակերպումների կողքին մեր քաղաքական համակարգը ես կբնորոշեի որպես «1988թ. քաղաքական համակարգ»: Նման բնորոշման հիմքում ոչ միայն ու ոչ այնքան անկախ Հայաստանի քաղաքական համակարգի սկզբնավորման ժամանակային բնորոշումն է, որքան այդ համակարգի հետագա էվոլյուցիայի եւ բյուրեղացման գործում հենց ազգային զարթոնքով ու անկախության ձեռքբերմամբ, Արցախի ազատագրմամբ պայմանավորված տասնյակ հանգամանքների, գործոնների ու գործիչների մնայուն ու զարմանալիորեն հարաճուն ներգործությունը: Անաչառ ցանկացած աչքից վրիպել չի կարող իրողությունը, որ մեր քաղաքական համակարգն այսօր գտնվում է էվոլյուցիայի մի այնպիսի փուլում, որտեղ, խոշոր հաշվով, որոշիչը ոչ այնքան քաղաքական հարաբերությունների, քաղաքական կուսակցությունների ու քաղաքական ընտրանու որակներն են ու մտադրությունները, ապագայի մասին պատկերացումները, ոչ անգամ հանրության հավաքական սպասելիքները կամ Հայաստանի Հանրապետության արմատական շահերը, որքան անցյալի ճնշող ու թելադրող իներցիան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ