Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


11:42 , 6 նոյեմբեր, 2014

Երևանը փոքր է...

Մի քանի օր է՝ Ֆբ-ում մարդիկ իրար վիրավորելով ման են գալիս: Ժողովուրդ ջան, եթե մեկը հոդված է գրել, ու դուք իրա հետ համակարծիք չեք, հեչ պարտադիր չի իրան վիրավորեք: Կարաք գրեք. «Ես քո կարծիքի հետ համամիտ չեմ, որովհետև...» ու շարունակեք ձեր մտքերն ավելի ադեկվատ ձևակերպմամբ: Լավ, շատ բորբոքված եք, թեթև սարկազմով գրեք, մի քիչ ձեռք առնելով, բայց մի անցեք անձնականին ու առավել ևս ընտանիքին: Չեմ հասկանում հայհոյելը ո՞րն ա: Երևանն այնքան փոքր ա, որ եթե էսօր չէ, վաղը կարող ա էդ մարդու հետ ձեր ընկերոջ հարսանիքին նույն սեղանին նստեք ու բաժակ բարձրացրեք, այնպես արեք, որ այդ բաժակ բարձրացնելու ժամանակ հումորով խոսեք ու առողջ բանավեճ ունենաք:

Իրավապաշտպանների ակտիվության սեզոնը պաշտոնապես համարում ենք բացված: Մեր իրավապաշտպանները ունիկալ են, երբ Հայ ռազմագերուն սպանում են ու խոշտանգումների են ենթարկում, նրանք ձեն չեն հանում, բայց Աստված չանի ադրբեջանցի գերու մասին մի հատ լուր լսեն, միանգամից խորը քնից հելնում են ու սկսում են «լուրջ» մտքեր հայտնել: Հենա արդեն մենք փաստեր ունենք, որ Ինջիղուլյանին կտտանքների են ենթարկել տեսանյութի տեսքով, սակայն առանց դրա էլ պարզ էր, որ տանջել են: Դե իրավապաշտպաններ, մի մի հատ լուրջ միտք հայտնեք ադրբեջանական խուժանի դեմ:

Ապագա մայրիկների պայքարը շարունակվում է: Համաձայն եմ աշխատող մայրերի տեսակետների հետ: Հույս ունեմ՝ այս հարցը շուտափույթ կլուծվի, ու ապագա մայրիկները սթրեսներից դուրս կգան, որովհետև այս իրավիճակն ազդում է ապագա բալիկների վրա: Ինչ-որ բան է պետք մտածել, որ ոչ մեկի իրավունքները չոտնահարվի, ու կոռուպցիան վերացվի:

Ասում են՝ ԱՄՆ-ի միջանկյալ կոնգրեսի ընտրություններում հանրապետականներն են հաղթել: Մի քանի օր է՝ Եռյակից ձեն-ձուն չկա: Կարող ա՞ իմացել են, որ ԱՄՆ-ում էլ են հանրապետականները հաղթել, հելել գնացել են ընդեղ ռեժիմը փոխեն ու իշխանափոխություն անեն :Ճ Լևոն Զուրաբյանի ականջը կանչի :Ճ