10:17 , 6 նոյեմբեր, 2014
2015-ին Կոնվերս Բանկը կընդլայնի իր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման ծրագիրը: Այդ մասին վկայում է Կոնվերս Բանկի՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ) ստացած 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք սինթետիկ վարկի երկրորդ տրանշի ներգրավումը` 2.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որը հնարավորություն կընձեռնի ապագայում ևս շահավետ պայմաններ առաջարկել ՓՄՁ-ներին ազգային արժույթով վարկավորման համար:
«Մենք չափազանց կարևորում ենք Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ շարունակական համագործակցությունը և առհասարակ միջազգային մեր գործընկերների՝ Կոնվերս Բանկի նկատմամբ ունեցած մեծ վստահությունը: ՎԶԵԲ-ից ստացված սինթետիկ վարկի շնորհիվ Բանկը կտրամադրի բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորում միկրո, փոքր և միջին բիզնեսին: Եվ քանի որ վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով, մեր հաճախորդները պաշտպանված կլինեն արտարժույթի փոխարժեքների տատանման ռիսկերից», - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
ՓՄՁ ֆինանսավորումը նախկինում ևս եղել է Կոնվերս Բանկի ուշադրության կիզակետում: Բանկը շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իրավաբանական անձանց համար նախագծված ծառայությունների ցանկը: Ներկայումս Կոնվերս Բանկը ՓՄՁ հաճախորդներին է առաջարկում բարձր որակի ֆինանսական ծառայություններ, ներառյալ տարատեսակ վարկային պրոդուկտներ և առևտրի ֆինանսավորման գործիքներ, ինչպես նաև հատուկ ծրագրեր՝ լոյալ հաճախորդների համար սահմանված արտոնյալ տոկոսադրույքի տեսքով:
Կոնվերս Բանկի և ՎԶԵԲ-ի համագործակցությունը տարիների ընթացքում չափազանց արդյունավետ է եղել: Բոլորովին վերջերս Կոնվերս Բանկի համար սահմանվել է 4 միլիոն ԱՄՆ դոլար վարկային սահմանաչափ՝ ՎԶԵԲ-ի «Առևտրի աջակցության ծրագրի» շրջանակներում: