«168 ժամ». Ինչպես ՀՀ–ն «շահեց» ռուսական պատժամիջոցներից. Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 6.5%-ով


09:28 , 6 նոյեմբեր, 2014

«Այս տարվա առաջին 9 ամիսների արդյունքներով՝ ՀՀ-ից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են 15.2 միլիոն դոլարով կամ 6.5%-ով: Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին արտահանման ծավալը 235.1 միլիոն դոլար էր, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին այն նվազել է մինչև 219.8 միլիոն դոլար: Ընդ որում, արտահանումը նվազել է հիմնականում սննդամթերքի ապրանքախմբի գծով, որը դեպի Ռուսաստան արտահանման գերակշիռ մասն է կազմում: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 182.1 միլիոն դոլարի սննդամթերք և խմիչք: Իսկ այս տարի արտահանման ծավալը նվազել է 16.3 միլիոն դոլարով կամ 9%-ով:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի սկզբին, երբ Ռուսաստանը, որպես իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատասխան՝ փակեց գյուղմթերքների շուկան ԱՄՆ-ի, Եվրամիության, Կանադայի և Ավստրալիայի առջև, ՀՀ պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանը դրանից կարող է շահել: Նրանք կարծում էին, որ տեղական սննդամթերք արտադրողները կարող են մեծացնել արտահանման ծավալները դեպի ՌԴ` լրացնելով ռուսաստանյան շուկայում ստեղծված դեֆիցիտը և ամրապնդվելով այնտեղ»,–գրում է թերթը։