Դու այդ հեռու երկրում մնացիր անդավաճան ինքդ քեզ ու քո միակ սիրուն


04:29 , 6 նոյեմբեր, 2014

Այսօր, երբ լսեցի Հարութի նոր կատարումը, իրոք շատ ծանր տարա: Հայտնեցի կարծիքս և՛ տեսահոլովակի, և՛ երգի նոր կատարման մասին, բայց ինչ-որ բան հաստատ պակաս մնաց: Մի կողմ եմ դնում և՛ երգը, և՛ տեսահոլովակը՝ գնահատականը թողելով մեր արհեստավարժ մասնագետներին, ու մի քանի տարի կյանքը ետ եմ տալիս, որ տարիները նոր նոր որոշում էին անցնել.... Որ Հարութը նոր-նոր տեղափոխվել էր ԱՄՆ ու նոր-նոր ձախ ձեռքով կիթառ նվագող տղան փորձում էր հաստատվել իր համար օտար բարքերի երկրում, ինչքան դժվար էր ամեն բան, ինչքան դաժան էր կյանքը, ինչքան դաժան գտնվեցին նաև շատ սիրելի ընկերները... Հիմա ամեն ինչ մնաց տարիներից այն կողմ, անցան էդ տարիները: Օտար բարքերի երկիրը չփոխեց ողջ կյանքում անասելի դժվարությամբ սեփական ճանապարհը հարթող երգչին: Մենք էլ դարձանք այն սերունդը, որը լսում էր ու սիրում քո երգերը, անգամ այն երգերը, որ հեղինակից մի քանի անգամ ավելի ջիգյարով, հա հենց ջիգյարով էիր կատարում։ Այնքան լսեցինք երգերդ, որ այսօր այս երգի ամեն հնչյունը լսելով՝ հասկանանք, թե ինչու է ինչ-որ բան փոխվել, թե ինչու է այն այլ կերպ հնչում: Դու այդ հեռու երկրում մնացիր անդավաճան ինքդ քեզ ու քո միակ սիրուն: Վստահ եմ, որ նա հիմա շատ ու շատ հեռուներից լսում է քո երգը...