Թե ինչպես էր Ադրբեջանական ՀԿ-ի ներկայացուցիչը գովերգում Ալիևին և ինչպես առաջին անգամ Վանյանը հիշատակվեց որպես Ադրբեջանի «լավագույն ընկեր»


13:07 , 14 սեպտեմբեր, 2012

Սեպտեմբերի 9-ից ճամփորդում եմ գործնական նպատակներով և այս ընթացքում մասնակցել եմ երկու միջոցառումների՝ նվիրված մեր տարածաշրջանին: Առաջինը մասնավորապես վերաբերում էր տարածաշրջանում մեր արևմտյան հարևանի դերակատարմանը, իսկ երկրորդը՝ միջազգային համաժողով էր, որի «Ժողովրդավարությանը հետխորհրդային տարածաշրջանում. 20 տարի անց» խորագրով:

Առաջին քննարկման հիմնահարցերը նվիրված էին անվտանգության և տարածաշրջանային խնդիրներին, սակայն քննարկման մի քանի օրերի ընթացքում տպավորություն ստեղծվեց, թե մեր անմիջական հարևանն իրականում չունի հստակ քաղաքականություն Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ: Ասես ամեն ինչ պայմանավորված է իրենց այն ընկալմամբ, թե Ռուսաստանն իրենց ինչ թույլ կտա: Հարևան դիվանագետների մոտ դեռևս գերիշխում է խորհրդային սինդրոմը, իսկ Հարավային Կովկասն ընկալվում է որպես սովետական տարածք: «Իսկ ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի վերաբերմունքը» հարցը ավելի կարևոր էր, քան «Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի վերաբերմունքը» հարցը: Հանդիպումը փակ էր և չեմ ցանկանում ծավալվել, բայց պարզ էր, որ սովետականությունը ոչ միայն մեր մեջ է դեռևս արմատավորված, այլև մեր հանդեպ այլոց վերաբերմունքում:

Երկրորդ հանդիպման ժամանակ ականատես եղա բրեժնևյան սերնդի լավագույն «գերազանցիկի» մարմնավորմանը, հանձինս ադրբեջանցիների: Մեկ անգամ ևս համոզվեցի, որ որ ժողովրդավարությունը միայն ընտրություններ չի նշանակում, այլև պարտադիր երևույթների ամբողջական մի շարք ՝ օրենքի գերակայություն, կայուն միջին խավի գոյություն, անկախ դատական իշխանություն և այլն: Ուկրաինական ներկայացուցիչների ելույթը, հանձինս Տիմոշենկոյի ամուսնու, բացահայտեց այն ամենը, ինչն Ուկրաինան չկարողացավ ապահովել ժողովրդավարության կայացման համար, թեև այն անցկացրեց լավագույն ժողովրդավարական ընտրությունները հետխորհդային տարածաշրջանում: 

Իսկ ադրբեջանական ելույթերն ուղղակի կրկին վերադարձրեցին ինձ դեպի մանկություն: Առանցքային էր այն միտքը, թե ինչքան լավ է կյանքը Ալիևի օրոք: Ու ամենահետաքրքիրը՝ ադրբեջանական ԱԳՆ-ի ներկայացուցչի և քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ելութներն իրարից տարբերվում էին միայն նրանով, որ ՀԿ ներկայացուցիչը 10 րոպեի ընթացքում 25 անգամ Ալիև արտասանեց՝ 5 անգամ ավելի, քան ԱԳՆ ներկայացուցիչը: Չնայած կար նաև «նախանձելի» զարգացում, որ անցած 3 տարում ադրբեջանական ՀԿ-երրը 10 միլիոն եվրոյի համարժեք դրամաշնորհներ են ստացել Ալիևից: Նաև ուշագրավ էր այն փաստը, որ պարտադիր կրկնվող 20% գրավված տարածք, 1 միլիոն փախստական հայտարարություններին այս անգամ ավելացավ սաֆարովի նման հերոս ունենալու «հպարտությունը», և առաջին անգամ Վանյանը հիշատակվեց, որպես Ադրբեջանի «լավագույն ընկեր»: 

Այո, 20 տարի է անցել Սովետական Միության փլզումից: Այդ, 20 տարիների ընթացքում այս տարածքը տեսել էլ պատերազմներ, ֆինանսական և քաղաքական ճգնաժամեր, միջազգային կառույցների կողմից զանազան բարեփոխումների ծրագրեր, տարբեր հաջողված և ոչ թավշյա հեղափոխություններ ... Սակայն, մի բան դեռ նույն է՝ սովետականությունը: Անվանե՛ք դա «կոմսոմոլ» կամ ինչ կուզեք, և ցավոք, դա ինչպես մեզնից շատերի, այնպես էլ այլոց ընկալումն է նախկին սովետական տարածքի ու այնտեղ ընթացող գործընթացների նկատմամբ:

Մենք ունենք նաև դրական փոխակերպման օրինակ՝ բալթյան երկրները: Մշակութային փոփոխության հասնելու համար պետք է փոխվի համակարգային մտածելակերպը, և բարեփոխումները համակարգային բնույթ պիտի կրեն: Եվ ամենակարևորը. պետք է վերացնել սովետականությունը հաջողության հասնելու համար: