Սերժ Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարարին


20:30 , 3 նոյեմբեր, 2014

90101in.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով, որ երկկողմ քաղաքական շփումները վերջին շրջանում ակտիվացել են: Սերժ Սարգսյանը և Դեյվիդ Լիդինգթոնը հույս են հայտնել, որ դրանք շարունակական կլինեն, և հայ-բրիտանական համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Հանրապետության Նախագահը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին՝ այդ համատեքստում քննարկելով վերջերս Ուելսում և Փարիզում կայացած գագաթաժողովների արդյունքները:

ՀՀ Նախագահը և պետնախարար Լիդինգթոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների շուրջ, խոսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին: