Երբ դառնում են օտար կայսրության խոսնակ, ապա դադարում են հայ լինել և սկսում են մտածել օտարի անկյունից՝ օտարի համար


15:19 , 3 նոյեմբեր, 2014

Երեկ դիտեցի ռուսաստանյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հարցազրույցը: Այս մարդն ինքն իրեն խելացի համարելով՝ փորձեց բարձրաձայնել հայոց համար իբր «մի դառն ճշմարտություն»: Ահա նրա ճշմարտությունը, - «Ես կասեմ մի դառը ճշմարտություն, որի հետ ավելի լավ է ապրել, քան գտնվել երազանքների դաշտում: Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը մեծ չէ: ՀՀ-ն փոքր երկիր է, որն ունի իր կոնկրետ ներուժը, ՀՀ-ի հետ գործ ունեցողները հասկանում են, թե ինչ ռեսուրսների հետ գործ ունեն՝ մարդկային, հանքային, նյութական և այլն: Հայաստանում գործող անձանց սթափությունն է պակասում, սեփական հնարավորությունների ճիշտ գնահատումը»:
Նախ, կցանկանայի ուղղել մեծն քաղաքագետին՝ ընդգծելով, որ մեր ժամանակներում երկրի հզորությունը միայն չի որոշվում իր կողմից ընդգծած վերոնշյալ չափորոշիչներով: Միայն Իսրայելի օրինակը բավական է հասկանալ, որ երկրի աշխարհաքաղաքական ազդեցությունը կարող է նաև մեծ լինել այդ ժողովրդի ՍՓՅՈՒՌՔԻ և ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅԱՆ շնորհիվ: Հայության համար պոտենցիալ, որը սակայն չի օգտագործվում ծրագրային կազմակերպված գործընթացի բացակայության պատճառով: Անդրանիկ Միհրանյանին նաև կուզենայի հիշեցնել, որ Հոլանդիայի, Սինգապուրի կամ Լիխտեյնշտենի տարածքներն ու ռեսուրսները նույնպես նշանակալի չեն, սակայն նրանց «ակցիաները» աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտում բավականին են: Գալով Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհաքաղաքական հարցերով կարևորության արժևորմանը՝ հարկ եմ համարում նշել, որ այսօրվա Ռուսական կայսրության համար Հայաստանի կարևորությունը մեծ է, և այն իր ազդեցության ոլորտից կորցնել՝ Ռուսաստանի համար ենթադրում է ի վերջո կորցնել Անդրկովկասն ամբողջովին, որը կատաստրոֆիկ կլինի Ռուսական կայսրապետության ստատուսի և նրա նման դերակատարության համար: Եվ պատահական չէ, որ Ռուսաստանը Արցախի հիմնահարցի առկախ վիճակով, արդեն քսաներկու տարի է, Անդրկովկասում իր ազդեցության ոլորտում է պահում երկու հանրապետություն: Ավելացնեմ նաև, որ Անդրանիկ Միհրանյանը՝ որպես Ռուսաստանի Ֆեդերացիայի քաղաքագետ, անհարիր կոպիտ սխալ թույլ տվեց՝ չկարողանակով վերահսկել իր ենթագիտակցությունից սպրդած արտահայտությունը: Երբ նրան հարց տրվեց, թե արդյո՞ք Ադրբեջանը չի փորձի անդամակցել ԵՏՄ-ին ու դրանով Արցախի հիմնահարցը կամ Հայաստանի նկատմամբ ՌԴ հարաբերությունները կարող են փոխվել, Միհրանյանը պատասխանեց, որ Ադրբեջանի իշխանություններն ունեն իրենց քաղաքական հստակ վեկտորը և չեն ուզենա «կապել սեփական ձեռքերը» ԵՏՄ-ին միանալով: Ուրեմն ստացվում է, որ ըստ Միհրանյանի, Հայաստանի Հանրապետության «ձեռքերը կապվում են» ԵՏՄ-ին անդամակցելով, թեկուզ րոպեներ առաջ ռուսական քաղաքագետը գովերգում էր ՀՀ-ի իշխանությունների ԵՏՄ-ին միանալու որոշումը: 
Զավեշտալին այն է, որ կոպիտ ակցենտով ռուսախոս հայազգի քաղաքագետը, ԵՐԲ ԴԱՌՆՈՒՄ Է ՕՏԱՐ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՆԱԿ, ԱՊԱ ՆԱ ԴԱԴԱՐՈՒՄ Է ՀԱՅ ԼԻՆԵԼ ԵՎ ՍԿՍՈՒՄ Է ՄՏԱԾԵԼ ՕՏԱՐԻ ԱՆԿՅՈՒՆԻՑ՝ ՕՏԱՐԻ ՀԱՄԱՐ: Նրա նմաններին չի մտահոգում հայկական գործոնի՝ աշխարհաքաղաքական «արժեթղթերի» ծրագրեր ստեղծելն ու կյանքի կոչելը: Նրա համար միևնույն է, որ սեփական ժողովրդին սնանկության եզրին հասցրած ու ժողովրդին մասսայական արտագաղթին նպաստող ՀՀ իշխանությունները ռուսաստանյան իշխանությունների համար ձեռնտու, թալանով զբաղված տգետների խումբ է: Միհրանյանների նմանները չեն հասկանում, որ այն անհատական տաղանդն ու շնորհը, որ իրենք ունեն, իրենց գենետիկական պատկանելիության պատճառով է, որը պետք է փոխհատուցել: Ազնավորի ու Միհրանյանների նման տաղանդաշատ, բայց գավառացու հոգեբանությամբ անձիք չեն հասկանում, որ բնությունն ունի իր օրենքները՝ հարյուր տոկոսանոց հայ և միաժամանակ հարյուր տոկոսանոց ռուս կամ ֆրանսիացի՝ միաժամանակ լինել հնարավոր չէ: Չեն հասկանում, որ ԱՄՆ համալսարաններում դասախոսություններով հանդես գալն ու ինքնակարևորման պատրանքային քաղցը հագեցնելը՝ դեռ ստեղծել ու արարել չէ, սեփական ժողովրդի ինքնության մարումը տեսնելով՝ օտար կայսրապետության համար ծառայելը՝ տիպիկ գավառացու և ճշմարիտ անհատականությունից զուրկ մարդու հոգեվիճակ է՝ անկախ նրանից, թե նա ինչ պատրանքային բարձունքների է հասել այս կամ այն կայսրապետության մեջ: Ինձ համար գլխավոր խնդիրը՝ Եվրոմիությո՞ւն, թե Եվրազիական միություն ՀՀ-ի անդամակցելու հարցը չէ (անձամբ ես դեմ եմ ՀՀ-ի այդ երկու կառույցներում ընդգրկվելուն): Ո՛չ. ողբերգականն այն է, որ իր ազգին ծառայելու և ծրագրային մոտեցումներով սեփական հայրենիքը ոտքի կանգնեցնելու փոխարեն, Պետրոս Գետադարձի նման Անիի բանալիները Բյուզանդական կայսրությանը հանձնողներ մենք ունենք բոլոր ժամանակներում:
Արթուր Արմին
Լոս Անջելես, ԱՄՆ

Կից նյութն այստեղ