13:33 , 2 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Մահվանից հինգ տարի անց Մայքլ Ջեքսոնը մնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող արտիստներից մեկը: Ամեն տարի նրա աշխատանքը փոփ-երաժշտության արքայի ընտանիքին գումարներ է բերում, որոնք կազմում են հարյուր միլիոնավոր դոլարներ: Forbes-ի տվյալներով՝ Ջեքսոնը գլխավորել է կյանքից հեռացած ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակը: Այդ ցուցակում են նաև Էլվիս Փրեսլին, Բոբ Մառլին և ուրիշներ:
2014թ. մայիսին ներկայացված Xscape ալբոմի շնորհիվ Ջեքսոնի տարեկան եկամուտը կազմել է 140 միլիոն դոլար, և երգիչը զբաղեցրել է Forbes-ի վարկանիշային աղյուսակի առաջին տեղը, որտեղ ներառված են այն արտիստները, ովքեր արդեն ողջ չեն:
Հեղինակավոր պարբերականի տվյալներով՝ երգչի հարազատներին ամենաշատ գումար բերում է Sony/ATV ընկերությունում նրա մասնաբաժինը, ինչպես նաև CirqueduSoleil շոուներից հավաքված միջոցները:
Հատկանշական է, որ Forbes-ի երկրորդ տեղը զբաղեցնում է ռոքի արքա Էլվիս Փրեսլին, ում տարեկան եկամուտը կազմում է 55 միլիոն դոլար: Եվ դա երգչի մահվանից 37 տարի անց՝ նա մահացել է 1977թ.: Այդքան գումարներ են հավաքվում զբոսաշրջիկների այցելությունից Մեմֆիս արվարձանում գտնվող Փրեսլիի տուն, որը երգիչը ձեռք է բերել 1957թ.: Ոչ պակաս միջոցներ են հավաքվում նաև Փրեսլիի սկավառակների և երգերի, ինչպես նաև նրա անունով և պատկերով իրերի վաճառքից:
Կյանքից հեռացած ամենաբարձր վաստակող արտիստների եռյակը եզրափակում է Բոբ Մառլին՝ տարեկան 20 միլիոն դոլար եկամտով: Ընդ որում, Մառլին այս ցուցակում միակն է, ում եկամուտը վերջին շրջանում չի նվազել, այլ աճել է: Անցած տարի երաժիշտը 2 միլիոն դոլար ավելի է վաստակել: Նրա մահվանից հետո 33 տարիների ընթացքում վաճառվել են Մառլիի ավելի քան 75 միլիոն ալբոմներ:
Ջեքսոնից, Փրեսլիից և Մառլիից բացի՝ Forbes-ի ցուցակում ներառված են Ռիչարդ Ռոջերսը, Ֆրենկ Սինատրան և Ջիմմի Հենդրիքսը: