Կյանքում ամենաաստվածահաճո ստեղծագործությունը ձեր սերունդն է


05:28 , 2 նոյեմբեր, 2014

 Տան դիմաց բազմություն էր հավաքվել, շատ էին, ահավոր շատ...
Լուրջ տղամարդիկ, տարեց՝ շատերը բավական հայտնի հասարակությանը: Ոչ մի լրագրող, ոչ մի թիիկնապահ, ոչ մի զիզի-բիզի մարդ: Հավաքվել էին մարդիկ, որոնցից շատերն ատում էին միմյանց, բայց կանգնած էին նույն բակում, լուռ, ոչ ոք ոչինչ չէր խոսում: Համրերի ամբոխ, դժոխային լռություն...
Կյանքի արքաները, որոնք որոշում էին անգամ քամու ընթացքը, այսօր կարկամած, շվարած կանգնած էին, այսօր նրանք ոչինչ էին, քամի, անպետք...
Ոչ մի կին չկար բակում, տանն էլ, բացի բժիշկներից ոչ ոք չկար...
Մեքենան կանգնեց տան առջև երեկոյան: Բոլորը շրջվեցին՝ կարծես չցանկանալով հայացքով հանդիպել նրան... Աղջիկն իջավ մեքենայից ու, արհամարական հայացք նետելով հավաքվածներին, ներս մտավ:
Սենյակը խավար չէր, մահճին պառկած տղամարդը, չնայած գալարվում էր անմարդկային ցավերից, բայց խիստ էր ու անդրդվելի այնպես, ինչպես միշտ էր եղել; Մտնելով սենյակ՝ աղջիկը, որը մինչ այդ թվում էր աշխարհի ամենահզոր էակը, սկսեց անձայն արտասվել: Աննկարագրելի ակնթարթներ, չկրկնվող վայրկյաններ: Հավաքելով վերջին ուժերը՝ տղամարդը դեն նետեց վերմակը և ոտքի կանգնեց: Նա հագել էր իր զինվորական, տոնական համազգեստը, ոչ մի մեդալ, ոչ մի փայլ, բայց հզորություն, կամք, ուժ.
-Բարև աղջիկս
.....25 տարի.... առաջին անգամ նա մտավ հոր տուն, առաջին և վերջին անգամ: Դաժան կյանքի անմարդկային օրենքները բաժանել էին նրանց: Եվ հիմա եկել էր պահը, որպեսզի հերոսի միակ ժառանգը զգար հոր ջերմությունը, զգար այն, ինչից զրկված էր անցյալ տարիների ընթացքում....
Ցավոք, սա ոչ ֆիլմ է, ոչ էլ հեքիաթ, որպեսզի ամեն բան մեր սրտով շարունակվի ու ավարտվի: Սա դաժան իրականություն է: 25 տարվա ընթացքում սա գնդապետի առաջին ու վերջին խոսքերն էին՝ ուղղված սեփական դստերը: Ծնող, որը կյանքի ընթացում իր աղջկան կարողացավ տեսնել ընդամենը մի քանի ակնթարթ...
Սթափվեք, սթափվեք,սթափվեք; Կյանքում ամեն բան արժեք չունի, եթե այն վեր եք դասում Ձեր ընտանիքից: Այսօր բազմաթիվ երեխաներ մեծանում են առանց ծնող, և բազմաթիվ արժանի ընտանիքներ դեռ չեն վայելել ծնողական բերկրանքը: Դեն նետեք ամեն բան, մոռացեք հարստության և պերճանքի մասին: Հիշեք՝ ձեր երեխան հաց ու պանիրով պատրաստ է մեծանալ, բայց միայն ձեր կողքին:  Հիշեք այն, ինչ դուք ստեղծում եք կյանքում, գրոշ չարժի, եթե լքել եք ձեր զավակին: Հիշեք` կյանքում ամենաաստվածահաճո ստեղծագործությունը ձեր սերունդն է: