Ամենաստոր թշնամին հարյուրապատիկ ավելի բարձր է դավաճան յուրայինից


02:38 , 2 նոյեմբեր, 2014

12-րդ դար Սրբազան Հռոմեական կայսրության կայսեր Կոնրադ երրորդը պաշարել էր Վայնսբերգ դքսությունը հարավային Գերմանիայում: Ավելի քան երեք ամիս ամրոցը անառիկ էր: Դքսության հպարտ բնակիչները, հաշվի չառնելով սովն ու զրկանքները, պայքարում էին իրենցից գլխաքանակով 100 անգամ գերազանցող զորքի դեմ: Պատասխանատու ճակատամարտում իրար դեմ էին կանգնած Կոնրադի ահարկու զորքը և Վայնսբերգի աննկուն ասպետի հարյուր հոգանոց գունդը:

Եթե հիմա մենք պատկերացնենք, թե ինչ է նշանակում 100 արհեստավորներից, արվեստագետներից,առևտրականներից բաղկացած փոքրիկ գունդը ընդդեմ 10,000 արհեստավարժ զինվորների, կհասկանանք, որ մարտը ամենաշատը կարող էր տևել ընդամենը 10-20 րոպե: Բայց իրականում որոշիչ ճակատամարտը տևում է ավելի քան 12 ժամ: Կոնրադը, լինելով սառնասիրտ բայց ազնիվ զորավար, իր ողջ հետագա կյանքի ընթացքում այդ օրը հիշում էր ապշած աչքերով: Ճակատամարտի ավարտին,որում Կոնրադը կորցնում է ավելի քան 2000 զինվորի, ջախջախվում է դքսության ողջ բանակը: Վերջում վիրավոր և արնաքամ ոտքի վրա մնում են ընդամենը 5 հոգի՝ իրենց քաջարի ասպետի գլխավորությամբ: Կոնրադը հրամայում է զորքին վայր դնել զենքերը և թույլ տալ,որպեսզի ասպետը վիրավոր զինվորների հետ վերադառնա ամրոց: Ասում են, որ Կոնրադը ինքն է իջնում ձիուց և օգնում ասպետին՝ հասցնելով նրան ամրոցի դռների մոտ: Ասում են նաև, որ Կոնրադը սեփական թուրը նվիրում է մահամերձ ասպետին: Ասում են...Ասում են նաև,որ պաշարման ամիսների ընթացում Կոնրադի զինվորները ամեն կերպ փորձել են կաշառել ամրոցի բնակիչներին, որպեսզի վերջիններս բացեն ամրոցի անառիկ դռները, բայց սա պատմության եզակի դրվագներից է, որ ամրոցի բնակիչները հպարտ պարտությունը գերադասել են հարուստ ու բարեկեցիկ դավաճանի կարգավիճակից...
Երբեք ու երբեք դավաճանները չեն ներվում: Ամենաստոր թշնամին հարյուրապատիկ ավելի բարձր է դավաճան յուրայինից: