«Առավոտ». Պահանջիր առավելագույնը, կստանաս օպտիմալը


08:37 , 1 նոյեմբեր, 2014

 «Երբ միանգամից, առանց նորմալ քննարկում կազմակերպելու, առանց հասարակության պահանջները հաշվի առնելու ինչ-որ օրենք են«սղացնում», մենք ասում ենք՝ «իշխանությունն ամբարտավան է»: Երբ հանդիպելով հասարակական որոշակի դիմադրության՝ այդ օրենքները հետաձգվում են, մենք ասում ենք՝ «իշխանությունը թույլ է և անվճռական»: Ինչպիսի բնորոշումներ էլ տանք, ես կողմ եմ երկրորդ տարբերակին:

 Հակառակ դեպքում՝ աշխատող մայրերն արդեն իսկ կզրկվեին իրենց նպաստներից, իսկ կրպակատերերը ստիպված էին լինելու ամեն օր շփվել  հարկային տեսուչների հետ՝ փաստաթղթավորման թեմաներով:

Երկու դեպքում էլ խնդիրներ, իհարկե, կան, բայց դրանք չպիտի լուծվեն մայրերի և մանր բիզնեսով զբաղվողների հաշվին:

Որքան էլ մենք քննադատենք Եռյակի հանրահավաքները՝ այն, ինչ այնտեղ ասվում է, և այն, թե ովքեր և ինչպես են բերվում հրապարակ, եկեք արձանագրենք՝ եթե այդ հանրահավաքները չլինեին, մասնավորապես նպաստների և շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունները կընդունվեին, իսկ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը կհաստատվեր:

Միայն թե պետք չէ այդ երևույթներին ծայրահեղականացված գնահատականներ տալ, սա մանկապարտեզ չի, սա սովորական, ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է»,-գրում է թերթը: