Իսահակ Իսահակյան. Ուրիշի պահանջները Ձեզ չեն օգնի փոխվել


14:38 , 31 հոկտեմբեր, 2014

Newmag.am-ը գրում է․

չեմ ուշանում
Չուշանալու հիվանդություն ունեմ: Նույնիսկ վարորդս ինձ երբեք չի սպասել, միշտ ես եմ նրան դիմավորում: Միշտ աշխատանքի եմ եկել առաջինը, գնացել` վերջինը: Աշխատանքը սկսվում է 9-ին, իսկ ես կենտրոնական բանկում եմ գոնե 8-ն անց 40-ին: Սա սովորություն է: Ինչպես չեմ ծխել, այդպես էլ չեմ ուշացել: Սա պահանջ է ինքս իմ նկատմամբ: Մարդ պետք է ճշտապահ լինի և խստապահանջ` ինքն իր նկատմամբ: Ուրիշի պահանջները Ձեզ չեն օգնի փոխվել…

ամենամեծ գաղտնիքը
Ինձ շատ են տեղափոխել մի վարչությունից մյուսը, հետո` մյուսը, հետո` մյուսը… Սկզբում նեղանում էի: Հետո զգացի, հասկացա, որ մարդիկ ինչ-որ բան էին ակնկալում ինձնից: Ինչքան շատ են քեզ տեղափոխում, այնքան շատ բաներ, շատ նրբություններ ես իմանում, որոնք հետագայում շատ օգտակար են լինում, հատկապես երբ ղեկավար ես դառնում: Այդպես եղավ ինձ հետ: Մարդ պետք է երկար չմնա նույն տեղում աշխատելու: Կյանքն էլ է սա ցույց տալիս: Պետք է փոխել ոլորտը, նոր նրբություններ սովորել: Հակառակ դեպքում դեգրադացիան անխուսափելի է…

վախենում եմ
Վախենալու բան չկա այս կյանքում: Միակ վախս մոտիկ մարդկանց կորցնելն է: Դա ամենավատ բանն է: Երբ տեսնում ես, թե ինչպես են գնում բարեկամները, հարազատները, երիտասարդները… Սա ամենավախենալու բանն է ինձ համար: Միշտ ասում եմ` ես ինչո՞ւ կամ, իսկ այս երիտասարդը գնաց, չէ՞ որ սա անօրեն բան է: Չկա ոչ մի օրինաչափություն:

իմ տատիկը
Տատիկս միշտ ինձ հետ էր: Ես աքսորավայրում եմ ծնվել` Կուրգանում: Տատս, ռուսերեն մի խոսք անգամ չիմանալով, եկել-հասել էր Կուրգան 33 թվականին: Մենք շատ կապված էինք, չնայած նա շատ թոռներ ուներ: Ծնողներս միշտ աքսորավայրում էին, և ինքն էր միշտ ինձ հետ: Շատ դժվար էր ինձ համար նրա կորուստը, շատ ծանր եմ տարել: Կյանքում շա՜տ եմ նեղվել, բայց չեմ արտասվել: Արտասվել եմ ընդամենը մեկ անգամ` տատիկիս թաղմանը: Ես էլ չհասկացա, թե ինչպես չկարողացա ինքս ինձ տիրապետել:

իմ արգելակները
Ամեն մարդ պետք է ունենա իր արգելակները` որոշ քայլեր չանելու համար: Իմ դեպքում դրանք 2-ն են: Նախ՝ մեծ վարպետի՝ Իսահակյանի ցեղից լինելը: Երկրորդը` ծնողներս: Հայրս 20 տարի քաղաքական աքսորում էր: Մայրս էլ նման խնդիր ուներ: Այսինքն՝ կյանքիս այդ 20 տարին անցել է առանց ծնողի: Եվ այդքանից հետո դառնալ կաշառակե՞ր կամ վատ քա՞յլ անել: Չէ՞ որ հանուն դրա չէր այս ամենը…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ