«Հրապարակ». Բարի՞ է արդյոք «Քարֆուրի» մուտքը Հայաստան


09:12 , 30 հոկտեմբեր, 2014

«Քարֆուր» սուպերմարկետների ցանցի գալուստին Հայաստանում երկար ենք սպասել: Սակայն վերջին շրջանում մեզ հասած տեղեկությունները՝ կապված «Քարֆուրի» բիզնես-պլանների հետ, կասկածի տակ են դնում՝ արդյոք ֆրանսիական այդ գիգանտի գալուստը մեր երկիր բարի կլինի՞:

Պարզվում է՝ Հայաստանը կառավարելու է արաբական աշխարհում գտնվող, ավելի կոնկրետ՝ Դուբայի գլխամասային կառույցը, թեև ընկերությունը ֆրանսիական է:

Հայաստանում ընկերությունը որոշել է այնպիսի պարտադրող քաղաքականություն վարել մատակարարների հետ, որ վերջիններս ընկել են լուրջ մտածմունքների մեջ՝ գնա՞լ այդ պայմաններով համագործակցության, թե՞ ոչ: Բանն այն է, որ «Քարֆուրում» ոչ թե առաջարկում, այլ իրենց հետ համագործակցության դեպքում պահանջում են, որ մատակարար ընկերություններն իրենց ապրանքը մատակարարեն ահռելի մեծ զեղչերով:

Սովորաբար շուկայում ընդունված կարգ է, որ մատակարարները խանութներին ապրանք են տրամադրում առավելագույնը մինչև 5 տոկոս զեղչերով կամ մի փոքր ավելի ՝ կախված ապրանքի տեսակից։ Իսկ ահա դեմոկրատ ֆրանսիացիները որոշել են մի քանի անգամ ավելի մեծ զեղչեր սահմանել և հայ մատակարարներից ապրանքը ձեռք բերել «ջրի գնով»։

Մեր տեղեկություններով՝ նրանց ակնկալած զեղչերը հասնում են մինչև 15 տոկոս և ավելի։ Սա իրենք բացատրում են նրանով, որ ցանկանում են ամենացածր գները սահմանել Հայաստանում։ Սակայն արդյունքում սպառողը դրանից առանձնապես չի շահում, քանզի մատակարարն իր նվազագույն եկամուտն ավելացնելու համար ստիպված պետք է լինի ամբողջ երկրով մեկ բարձրացնել իր ապրանքի գինը, որպեսզի կարողանա նման մեծ չափով զեղչ ապահովել «Special for Carrefour»,-գրում է թերթը։