22:02 , 29 հոկտեմբեր, 2014
Times.am-ը գրում է․
Ստեփանակերտ այցի ժամանակ Times.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի ՊԲ հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:
-Ի՞նչ է փոխվել օգոստոսյան դեպքերից հետո, ի՞նչ դասեր քաղեցինք, ի՞նչ հետևություններ արեցինք, չնայած որ հակառակորդի կորուստները տասն անգամ ավելին էին: ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը մի առիթով ասաց, թե օգոստոսյան դեպքերը կարող են մեկ տարի հետո կրկնվել, ուստի պետք է ռուս-հայկական դաշինքն ամրապնդվի:
-Չեմ փորձի որևէ մի քաղաքագետի ասածը մեկնաբանել, բայց դասեր քաղել ենք և մենք, և Ադրբեջանը: Ադրբեջանը կարծում եմ հասկացել է, որ ԼՂ-ի հետ նմանատաիպ գործողությունները երբևէ հաջողություն չեն բերի: Դասեր քաղել ենք նաև մենք այն առումով, որ չնայած այս գործողությունների ընթացքում մենք կարողացանք հակառակորդին պատժել, բայց նաև կորուստներ ունեցանք: Մենք պիտի կարողանանք մեր սահմանները պահել առանց կորուստների, ուստի հետևություններ և համապատասխան գործողություններ ենք կատարել:
-Այդ հետևությունները վերաբերում են հենակետերի վերազինմա՞նը:
- Մենք բավականին հարցեր ենք լուծել, բավականին միջոցներ ենք ձեռքբերել գիշերն անվտանգ մարտական հերթապահություն ապահովելու համար: Բոլոր դիրքերում ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որպեսզի մեր զինվորները անհրաժեշտության դեպքում անվտանգ կրակ բացեն հակառակորդի ուղղությամբ, ինչպես նաև արդյունավետ պաշտպանվեն հակառակորդի խոշոր տրամաչափի զենքերից արձակված կրակոցներից: Վերջին տարիներին մենք բավական քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր ենք ձեռք բերել և այսօր առաջնագծում չկա դիրք, որ այդ սարքերից չունենա: Դրան գումարած ջերմադիտարկման սարքեր, որ կարողանանք հակառակորդին մինչև մոտենալը հայտնաբերել: Աշխատանքներ ենք տանում մի քանի կազմակերպությունների հետ, որ առաջին գծի վերահսկողությունը էլեկտրոնային տարբերակով իրականացվի: Աշխատանքներ ենք տանում նաև անձնակազմի անվտանգության հետ կապված, որ ոչ միայն ինչպես նշեցի՝ տեսնի հակառակորդին, այլ նաև ինքն իրեն պաշտպանի: Աշխատանքներ են տարվում նաև ժամանակ առ ժամանակ դարանների տեղադրման հետ կապված: Օրինակ, նախագահների հանդիպումից առաջ կամ հետո հակառակորդն ակտիվանում է, մենք դա հաշվի ենք առնում, բայց սա անընդհատ պիտի անենք, դա չպետք է պայմանավորված լինի միայն հակառակորդի գործողությամբ:
-Ես տեղյակ եմ, որ խնդիրներ կան մեքենաների հետ կապված, ասենք՝ զորամասի հրամանատարը կարող է դիրքեր բարձրանալիս ճանապարհին մնալ, որովհետև մեքենան տեխնիկապես «առողջ» վիճակում չէ:
-Այո, տեխնիկական միջոցների՝ ավտոմիբիլային պարկի թարմացման հետ կապված խնդիրներ կան, բայց ասեմ, որ այսօր 30 ավտոմեքնա ենք ստացել՝ անձնակազմի տեղափոխման համար ավտոբուսներ և ծառայողական մեքենաներ: Սա աշխատանք է, որը կատարվում է, այս տարի պլանավորված է, որ նոր միջոցներ ունենանք: Այդպիսի վիճակ չի, որ մտահոգման տեղիք է տալիս, բայց սա շարունակական գործընթաց է, որովհետև ավտոմոբիլային տեխնիկան անընդհատ պիտի թարմացվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ