Իրար ուտելու և անիմաստ վիրավորելու փոխարեն ուշադիր եղեք բյուջեի ծախսային տողերի նկատմամբ


14:55 , 29 հոկտեմբեր, 2014

Հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսության վիճակը մեղմ ասած լավը չէ, իսկ Հովիկ Աբրահամյանը կախարդական փայտիկ չունի, պետք է պետական բյուջեում հնարավորինս փոքրացնել բյուջեի ծախսային մասը, անիմաստ և ոչ օգտակար գործողությունների վրա ծախսվող գումարներն ընդհանրապես հանել պետական բյուջեից և անցնել խնայողական ռեժիմի: Մի կողմից Ֆինանսների նախարարությունը մեծ դժվարությամբ հավաքում է հարկերը, մյուս կողմից կառավարությունը շատ թեթև ծախսում է այդ փողերը: Եվ քանի որ այս պահին քննարկվում է 2015թ Պետական բյուջեի նախագիծը, ես առաջարկում եմ օրենսդիրներին իրար ուտելու և անիմաստ վիրավորելու փոխարեն ուշադիր լինել յուրաքանչյուր տողի և, հատկապես, բյուջեի ծախսային տողերի նկատմամբ, քանի որ բյուջեն հաստատում է խորհրդարանը, և պատգամավորները ևս պատասխանատու են ապագա բյուջեի կատարաողականի համար: Այ այստեղ է, որ խորհրդարանը շատ կարևոր դերակատարում ունի. ընդունի ճիշտ հաշվարկած բյուջե, իսկ տարեվերջին պահանջի շիտակ կատարողական: