ՀՀ արտգործնախարարի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպումից հետո


11:06 , 29 հոկտեմբեր, 2014

g_imageAraratnews.am-ը գրում է․

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը հրապարակել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների` Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպումից հետո:

Հարց. պարոն նախարար, ինչպե՞ս կգնահատեք, կամփոփեք այսօրվա հանդիպումները:

Պատասխան. Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագահների մակարդակով Փարիզում հանդիպում կազմակերպելու համար։

Վերջին երեք ամսվա ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված նախագահների արդեն երրորդ հանդիպումն է: Դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը։

Մենք բարձր ենք գնահատում հանդիպումների՝ հատկապես ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման եռանախագահների նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս կողմերին ավելի լավ ծանոթանալու միմյանց մոտեցումներին, և հնարավորություն են ընձեռում փորձելու մոտեցնել դիրքորոշումները:

Այսօրվա հանդիպումը կբնորոշեի որպես օգտակար, անկեղծ և կառուցողական։

Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից դեռ մայիս ամսին տարածաշրջան իր այցելության ընթացքում առաջարկվել էր Փարիզի հանդիպմանը քննարկել վստահության ամրապնդման միջոցների իրագործումը: Այդ առաջարկը ողջունվել էր եռանախագահների կողմից։ Մեր մոտեցումները համընկնում են եռանախագահների դիրքորոշման հետ առ այն, որ այդ միջոցների իրականացումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։ Ադրբեջանի մոտեցումը այլ է։ Իրենք այլ ծայրից են մոտենում՝ կարծելով, որ եթե բանակցություններում առաջընթաց արձանագրվի, ապա դա կարող է պայմաններ ստեղծել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման համար։ Սա հայտնի ադրբեջանական մոտեցում է, որը եղել է նաև նախկինում։

Բավականին հետաքրքիր քննարկումներ էին: Նախագահների հանդիպման ընթացքում նաև հնարավորություն եղավ անդրադառնալ մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների, որոնք ցույց տվեցին, որ որոշ հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները կարող են նաև մոտ լինել:

Բացի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ քննարկումներից, այսօր առավոտյան Ֆրանսուա Օլանդի հետ մեր Նախագահի կայացած հանդիպման առաջին մասը նվիրված էր Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին։

Մենք առանձնաշնորհյալ հարաբերություներ ունենք Ֆրանսիայի հետ, ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, եվրոպական կառույցներում, Ֆրանկաֆոնիայի կազմակերպության շրջանակներում և տարբեր այլ միջազգային ձևաչափերում։ Առևտրատնտեսական հարաբերություններն են զարգանում, Ֆրանսիայի ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2013թ. ներառյալ հասել է մեկ մլրդ դոլարի: Զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները, ընդլայնվում է ապակենտրոնացված համագործակցությունը, զարգանում և ամրապնդվում են կապերը մշակութային և կրթական բնագավառներում:

Երկկողմ հարաբերությունների օրակարգը բավական հագեցած է, և մենք միշտ բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու: Նախագահների մակարդակով հանդիպման յուրաքանչյուր ամեն առիթ հնարավորություն է ընձեռում քննարկելու այս հարցերը: Ֆրանսիայի նախագահը մայիսին պետական այցելությամբ գտնվում էր Հայաստանում, այս տարվա ընթացքում տարբեր միջազգային ձևաչափերում նախագահների հանդիպման երկու այլ հնարավորություններ են եղել: Մյուս տարվա առաջին կեսին սպասվում է Ֆրանսուա Օլանդի այցելությունը Հայաստան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ