Բջջային արդյունաբերության ամենամեծ և հեղինակավոր միջոցառմանը կմասնակցի նաև Հայաստանը


15:27 , 25 փետրվար, 2012

3DNews ՏՏ Լրատվական - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-29-ը կմասնակցի Բարսելոնայում (Իսպանիա) կայանալիք «Շարժական կապի Համաշխարհային համագումար GSMA 2012» միջոցառմանը (ցուցահանդեսին): 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` համագումարի ընթացքում տեղեկատվական ոլորտի պատասխանատուները կքննարկեն հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները բջջային կապի հետագա զարգացման գործընթացում: 

Կքննարկվի նաև բջջային ինտերնետի համար նոր գործարար մոդելների հայտնվելը: GSMA-ի, նախարարների և կարգավորողների միջև կլինեն հանդիպումներ` որոշակի ազգային շուկաներում հնարավորությունների և մարտահրավերների քննարկման նպատակով: Հատուկ ուշադրություն կդարձվի բջջային կապի քաղաքականությանը: 

Ամենամյա ֆորումում կառավարության ներկայացուցիչները կանդրադառնան ամբողջ աշխարհում շարժական հաղորդակցության զարգացմանն առնչվող որոշակի կարգավորման հիմնախնդիրներին: GSMA նախարարական տարեկան ծրագրի շրջանակներում կառավարությունների եւ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները իրենց գործընկերների հետ կքննարկեն արդյունաբերության գերակայությունները: