12:06 , 28 հոկտեմբեր, 2014Life.panorama.am-ը գրում է․

Ընտանիքն ամենօրյա աշխատանք է պահանջում՝ վստահություն, համբերություն և ամենակարևորը՝ սեր: Առանց այս երեք բաղադրիչների, կամ, նույնիսկ դրանցից մեկի թերացման դեպքում մասնատման հավանականությունը մեծանում է: Ասում են`արվեստագետների աշխարհում դժվար է վստահել, համբերել, սակայն անհնար չէ սիրելը: Այսօր Life.panorama.am-ին հյուրընկալված դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն իր օրինակով հերքում է դերասան ամուսինների անհանդուրժող լինելը:
-Ծովինար, բոլորովին վերջերս երկրորդ անգամ մայրացաք: Արդեն աշխատանքային ռիթմի մե՞ջ եք, թե՞ դեռ շուտ է:
-Փոքրիկներիցս մեկը 7 տարեկան է, մյուսը՝ 7 ամսեկան: Հիմա նրանց խնամքով եմ զբաղված: Սակայն ասեմ, որ նաև զբաղված եմ թատրոնում՝ ներկայացումներում: Բայց սերիալներում դեռևս ներգրավված չեմ:
-Ձեր աշխատանքային ժամերին դայա՞կն է խնամում երեխաներին:
-Ոչ, ճիշտն ասած՝ դայակ չունենք: Ես չեմ վստահում ու չեմ կարող իմ տուն թողնել անծանոթներին, չեմ սիրում իմ <խոհանոցը> ցույց տալ ուրիշներին: Ավելի լավ է մի շրջան աշխատանքի մեջ մի քիչ զուսպ լինեմ, բայց փոքրիկներիս կողքին լինեմ: Մնացած ժամերին օգնում են տատիկները՝ սկեսուրս և մայրիկս:
-Ի դեպ, երեխաների անունները՝ Անրի, Արշակ, ինչպե՞ս եք ընտրել:
-Առաջինի դեպքում չեմ էլ իմացել, որ Նարեկն Անրի էր դնելու: Իսկ Արշակ՝ հայրիկիս պատվին է անվանել: Հայրս շատ հեռու է ապրում և ես միշտ կարոտում ու լացում էի: Վերջին անգամ տեսել եմ Անրիի ծնվելուց՝ գրեթե 8 տարի առաջ: Աշխատանքի բերումով չի կարող գալ: Նարեկն ինձ անակնակալ մատուցեց, երբ փոքրիկիս ծննդյան վկայականը ցույց տվեց: Շա՜տ ուրախացա, շատ շնորհակալ եմ իրեն:
-Մտադրվա՞ծ եք նորից սերիալներում նկարահանվել:
-Այս ընթացքում առաջարկներ եղել են, բայց ժամանակի պատճառով հրաժարվել եմ:Հիմա նույնիսկ մտածում եմ այլևս սերիալներում չնկարահանվելու մասին: Օրինակ, «Կյանքի կարուսել» նախագիծն ինձ հոգեհարազատ էր, և՛ նկարահանման ժամերն էին հարմար, և՛ կարողանում էի հասցնել՝ երեխային մանկապարտեզից վերցնել: Ամեն ինչ շատ հարմար էր: Նմանատիպ ժամանակացույցով առաջարկ եթե լինի, սիրով կհամաձայնեմ, բայց, ցավոք սրտի, նման բան չի լինում ու թատրոն-հեռուստատեսություն համատեղությունը դժվար է դառնում:
-Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ թատրոնի աշխատավարձը զգալիորեն զիջում է սերիալների հոնորարներին: Բայց, փաստորեն, դուք պատրաստ եք մեծ գումարները զոհաբերել փոքր աշխատավարձի՞ն:
-Ինձ համար թատրոնն ապրելակերպ է, մի ուրիշ աշխարհ, որից երբեք կյանքում չեմ հրաժարվի: Իհարկե, ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ թատրոնում աշխատելը ինքնազոհաբերություն է. այստեղ դու չես աշխատում ֆինանսի համար, այստեղ ոգին է իշխում: Բայց ինձ համար բեմն ավելի բարձր է ու գնահատելի, քան ամենաորակյալ սերիալը: Ես, իհարկե, սերիալներին դեմ չեմ, և, ինչպես քիչ առաջ ասացի, եթե հետաքրքիր և ինձ հարմար առաջարկ լինի, կընդունեմ, բայց ոչ թատրոնից հեռանալու գնով:
-Հետաքրքիր է, ասում եք երբեք ու հանուն ոչնչի թատրոնից չեք հրաժարվի: Ճիշտ է, ընտանիքում Ձեր առջև նման խնդիր, կարծես թե, չի դրվել, բայց, ամեն դեպքում, ի՞նչ կանեիք, եթե Նարեկ Հայկազյանը՝ Ձեր ամուսինը, ընտրության առջև ձեզ կանգնեցներ:
-Կարծում եմ՝ հանուն ընտանիքի զոհաբերության գնալ կարելի է: Բայց ունեմ հրաշալի ամուսին, ով իմ առջև երբեք ոչ մի տեսակի արգելք չի դրել, քանի որ անմնացորդ վստահում ենք միմյանց: Նա՝ իմ, ես՝ նրա «հալալ» կեսն ենք: Իմ ընտանիքն իմ սրբությունն է և ես շատ շնորհակալ եմ Աստծուց, որ այդպիսի ամուսին է պարգևել: Իհարկե, եղել են դեպքեր, երբ ֆիլմերից, սերիալներից առաջարկներ եմ ստացել, իր հետ խորհրդակցել եմ ու իր կարծիքի հետ համաձայնել: Ես նրան, նրա ճաշակին լիովին վստահում եմ, իր կարծիքն ինձ համար աշխարհում ամենակարևորն է:
-Միշտ և ամեն ինչո՞ւմ եք այդպես վստահում:
-Անկեղծ ասած՝ այո: Մենք շատ դժվարությունների միջով ենք անցել և հիմա արդեն այն շրջանն է, որ վայելում ենք մեր ընտանեկան հանգիստ, երջանիկ և խաղաղ կյանքը: Ամենափոքր հարցերն անգամ միասին քննարկում ենք: Ավանդական հայկական ընտանիք ենք (ժպտում է):
-Այդ դժվարություններն առավել շատ ինչի՞ հետ են կապված եղել:
-Գրեթե ամեն ինչի… շատ գաղտնիքներ բացել չեմ սիրում, բայց կասեմ, որ անգամ մեր միասնությունը արգելքներ հաղթահարեց: Շնորհակալ եմ, որ Աստված մեզ նման դժվարություններ տվեց, դրանք փորձություններ էին, որոնք կարողացանք հաղթահարել… Մենք մի փոքր շուտ ընտանիք կազմեցինք, Նարեկը 22, իսկ ես՝ 21 տարեկան էի: Արդեն 8 տարվա ամուսիններ ենք, թեև միմյանց ճանաչում ենք 14 տարի: Բայց չեմ զղջում վաղ ամուսնանալու համար… Ստեղծագործական ուղղի հարթելը շատ դժվար էր մեզ համար, մեզ երբեք ոչինչ հեշտությամբ չի տրվել, բայց չենք դժգոհում: Որքան որ դժվար ես մի բանի հասնում, այնքան այն կայուն ու հաստատ է մնում: Իսկ վայրկյանական եկած հաջողությունն ու երջանկությունը վայրկյանի կյանք էլ կունենա:
-Ժամանակը նաև մարդկանց բնավորությունն է փոխում, գուցե՝ շտկում: Հետաքրքիր է, այս դժվարություններն ու տարիները ձեր մեջ բնավորության փոփոխություն կատարե՞լ են:
-Ես նախկինում ավելի աշխույժ ու ժիր էի, հիմա ավելի խաղաղ եմ: Բացի թատրոնից, իմ մասնագիտությունից ու ընտանիքից, ուրիշ զբաղմունք ինձ չի հետաքրքրում: Ես կողքի աչքով ավելի ակտիվ ու աշխույժ եմ երևում, քանի որ չեմ սիրում իմ հոգեկան ապրումներն ուրիշին պարտադրել: Գիտեմ, որ դրական էմոցիաներ փոխանցող եմ: Իսկ Նարե՞կն ինչով է փոխվել: Ասեմ (ժպտում է)… Մեր բոլոր ընկերներն էլ գիտեն, որ Նարեկը ժամանակին կնամոլ էր, սիրում էր աղջիկներին և շատ ու շատ գեղեցիկ աղջիկներ է ունեցել իր կյանքում: Բայց մեր ամուսնությունից հետ բոլորովին փոխվեց բնավորությամբ, պատասխանատվության զգացումը մեծացավ: Պատկերացրեք, որ մինչ ամուսնանալը բոլորն ինձ ասում էին, որ սխալ ընտրություն եմ կատարում…
-Իսկ ինչպե՞ս նման համարձակ կարևոր որոշում կայացրեցիք:
-Ուղղակի ոչ-ոքի չհավատացի, հավատացի միայն սրտիս: Եթե գիտակցությամբ շարժվեի, հիմա Նարեկի կողքին չէի լինի… Այդ օրվանից հասկացա, որ կյանքում ամենաորոշիչ դերը սրտին է տրված: Սիրտը, ներքին ձայնը հենց այնպես չի տրված մարդուն: Իհարկե, հասկանում էի, որ <ռիսկի> եմ դիմում՝ Նարեկի հետ ամուսնանալով: Բայց երկուսս էլ մեր կյանքում համարձակ քայլեր սիրում ենք անել… Փառք Աստծո, որ ամուսնացանք: Ուրիշ որևէ մեկը երբևիցե չէր կարող լինել իմ կողքին, չեմ պատկերացնում…
-Կյանքը՝ բեմ, բեմը՝ կյանք երբևէ փորձե՞լ եք տանել կամ բերել:
-Ոչ, ես երբեք չեմ խառնել մեկը մյուսի հետ ու չեմ սիրում այն դերասաններին, ովքեր կյանքում խաղում են: Ես գիտեմ նման մարդկանց, դերասանների, ովքեր կյանքում դերասան են, արդյունքում՝ բեմում շատ վատ են խաղում: Ինձ համար բեմը հոգիս մաքրելու, իմ հոգեկան հանգստությունը ձեռք բերելու, մտածմունքներս թոթափելու տեղ է: Ե՛վ ես, և՛ Նարեկը որոշել ենք, որ թատրոնի մթնոլորտը երբեք չպետք է տուն բերենք, տունը տուն է, թատրոնը՝ թատրոն: Երբ մենք տանն ենք, մեր տնային հոգսերով ենք զբաղվում, յուրաքանչյուրս մեր գործն ունենք… Շատ հաճախ մեր տանը լռություն է լինում, որը միայն երեխաների աղմուկից է խախտվում: Բայց երբ մեզանից որևէ մեկը զբաղված է, աշխատում է, կամ, օրինակ, նյարդային, չենք խանգարում: Մենք հասկանում ենք՝ երբ և ինչ է մյուսին պետք…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ