Ախթալայի եկեղեցու բակում խաչքար-աղբյուր է տեղադրվել, որն աղճատում է հուշարձանի տեսքը


09:28 , 27 հոկտեմբեր, 2014

Ախթալայի եկեղեցու բակում խաչքար-աղբյուր է տեղադրվել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Այն, որ նախաձեռնողները փորձում են այդպես հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը, հասկանալի է: Բայց ինչու՞ դա անել պատմական այդ չքնաղ հուշարձանի տեսքն աղճատելու հաշվին:
Խաչքարը տեղադրել են հենց եկեղեցու դիմաց՝ ընդամենը 5 մետր հեռավորության վրա, ինչն էապես աղճատում է 12-րդ դարի այդ հոյակերտ կառույցի դիմագիծը, քանզի այն բարձր է՝ տեղադրված պատվանդանի վրա:
Բացի այդ. ո՞վ է թույլ տվել նախաձեռնության հեղինակներին նման կերպ միջամտել հուշարձանի ներքին տեսքին: Այն, որ տեղի տերտերը շահագրգիռ է, որ այդ խաչքարը տեղադրվի հենց եկեղեցու բակում, պարզ է. դա կնպաստի մոմի վաճառքին: Իսկ այդ առումով ի՞նչ են մտածել տեղական իշխանությունները: Կամ եթե անգամ խաչքարը պետք էր տեղադրել եկեղեցու բակում, ապա ինչու՞ այդքան մոտ:
Մինչև ե՞րբ պիտի շարունակվեն նման կամայականությունները, մինչև ե՞րբ պիտի անպատիժ նման գործունեություն ծավալեն: