Իմ նախագահը ոչ միայն անզուգական հեղափոխական է, այլև անգերազանցելի ստրատեգ


23:40 , 25 հոկտեմբեր, 2014

2011թ նոյեմբերի 25-ի դրությամբ ու՞մ մտքով կանցներ, որ Ծառուկյանը կգա ու կկանգնի Տեր-Պետրոսյանի կողքին և կխոսի իշխանափոխության անհրաժեշտության մասին։
Երբ նախագահն արեց իր քաղաքագիտական հայտնի վերլուծությունը, շատերը, այդ թվում նաև ես, թերահավատորեն մոտեցանք նախագահի այդ կանխատեսմանը, շատերը, դա առիթ դարձնելով, սկսեցին հարվածել նախագահին և մեր պայքարին, որոշներն իրենց դավաճանությունն արդարացրեցին այդ վերլուծության հետ անհամաձայնությամբ, բայց նախագահն առանց աջ ու ձախ շեղվելու անշեղորեն գնաց դեպի իր նպատակակետը, և 3 տարի անց նախագահը հերթական անգամ ապացուցեց իր վերլուծությունների ճշգրտությունը:

Օտտո ֆոն Բիսմարկն ասում էր «քաղաքականությունը հնարավորի արվեստ է», բայց նախագահ Տեր-Պետրոսյանն անգամ անհնարին թվացողը դարձրեց հնարավոր:
Իմ նախագահը ոչ միայն անզուգական հեղափոխական է, այլև անգերազանցելի ստրատեգ: Նախագահն իր ռազմավարությունը մշակում է անկանխատեսելի տարբերակով ու անգամ ռեժիմն իր ինֆորմացիոն և այլ ռեսուրսների շնորհիվ տիրապետելով հսկայական ինֆորմացիայի՝ միևնույն ա, այդպես էլ չի կարողանում հասկանալ՝ Նախագահը որ կողմից կհարվածի, երբ կհարվածի, որտեղ կհարվածի կամ ում միջոցով կհարվածի:
Միշտ երբ ռեժիմը մտածում է, թե վերջ, այլևս հարվածներ պետք չէ սպասել, կորցնում են զգոնությունը, միանգամից Տեր-Պետրոսյանի՝ երկար ժամանակ առաջ արձակված փամփուշտները խփում է թիրախին, այդպես եղավ 2007-ին, այդպես եղավ 2011-ին և այդպես եղավ հիմա:
2011թ նոյեմբերին Տեր-Պետրոսյանի կողմից արձակված փամփուշտներից մեկն արդեն հարվածել է թիրախին, հաջորդը դեռ սլացքի մեջ է և կհարվածի կարճ ժամանակ անց, և բոլոր հիմքերը կան պնդելու համար, որ այդ փամփուշտը կլինի այն կործանիչ փամփուշտը, որը կկործանի ռեժիմը: