Իմ առաջին անգամը


12:27 , 25 փետրվար, 2012

Հեծանիվս չեմ վերցնի: Ուզում եմ Խրոնինգենի փողոցներում քայլել այնպես, ինչպես առաջին օրերին էր: 

Դուրս եմ գալիս առջևի դռնից, որը հազվադեպ եմ օգտագործում, որովհետև հեծանիվս հետնաբակում է ապրում: Քայլում եմ ուղիղ` դեպի համալսարան: Կամրջից այն կողմ քաղաքի կենտրոնն է: Առաջին անգամ էլ նույն ուղղությամբ եմ քայլել` չիմանալով ուր եմ գնում, բայց փնտրելով քաղաքը: 

Ճամփին տեսնում եմ հարևանուհուս` Ռումիին:
- Եղանակը լավն է,- ժպտում է,- տաք ու արև:
- Հա, տաք Ու արև:
- Հազվագյուտ համակցություն այս քաղաքում: 

Անցյալ գիշեր, երբ դասախոսիս տնից ինձ մոտ էինք գնում, Նիդեռլանդներին այդքան բնորոշ մանր անձրևը լցվում էր մեր աչքերի մեջ:
- Հիմա սրան անձրև՞ են ասում:

Երկու ժամ անց Հարենից եկավ Սոֆիի ընկերը` ամբողջովինի թրջված: Նկարագրում է դրսում տեղացող անձրևը: Երեք-չորս անգլերեն բառ, որոնց բոլորին մենք ասում ենք անձրևել:
- Մենակ հոլանացիներդ կարող եք անձրևին տարբեր անուններ տալ:

Նախորդ երեկոյից սենյակումս գարեջրի դատարկ շշեր էին մնացել: Գրկեցի դրանք, իջեցրի խոհանոց` որպես ապացույց, որ դասերս ավարտվել են:

Ուզում եմ մոդեմի վրայի կատվին հրաժեշտ տալ: Տեղում չէ, բայց քիչ այն կողմ տիրուհին սեղանի մոտ նստած գրում է: Սովորականի պես:

Հաջորդ օրը պիտի հեծանիվով նույն տեղով անցնեի: Կատուն նստած էր լինելու մոդեմի կողքը, տիրուհին` սեղանի մոտ նստած, գրելիս: Սովորականի պես: Իսկ կողքի ցուցափեղկից մյուս կատուն էր նայելու: Ու նորից մանր անձրևը ծակծկելու էր դեմքս, բայց ես չէի նեղվելու: Փակելու էի աչքերս ու վերջին անգամ վայելելու թաց Խրոնինգենը:

Թեքվում եմ աջ, հասնում համալսարան: Սովորականի պես դռան մոտ կանգնած են աղջիկներ, թղթեր են բաժանում: «Ինչի՞ս է պետք»,- մտածում եմ, բայց վերցնում եմ: «Մարտի 5-ին...»,- շարունակությունը չեմ կարդում: 

Ճաշարանը լիքն է, բայց հիմա արդեն ես մասնակից չեմ: Դեռ երեկ կոմպով, գրքերով ու մի բաժակ սուրճով ես էլ էի մի անկյունում հարմարվել ու պարապում: 

Սուրճ եմ ուզում: Բացում եմ դրամապանակս: Սովորաբար մոտս կոպեկներ եմ պահում, որ ապարատից օգտվեմ: Սովորաբար էնքան եմ ունենում, որ թղթադրամը մանրել մոռացած համակուրսեցիներիս համար էլ եմ գնում:

Հաշվում եմ: Ուղիղ 40 ցենտ: Ուղիղ այնքան, ինչքան պետք է վերջին անգամ սուրճ խմելու համար:

Նստում եմ սեղաններից մեկի մոտ: Սկսում եմ գրել: Համալսարանում առաջին անգամ: