Մեղմ ասած արդար չեք, պարոն Տեր-Պետրոսյան


01:22 , 25 հոկտեմբեր, 2014

 Լուրջ ցավ եմ ապրում, երբ Հայաստանի անկախությամբ նախագահ դարձած անձը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր Ռուսաստանից վախենալու հիմնավորումներ է բերում. «Մի՞թե ոմանց համար դժվար է հասկանալ, որ Հայաստանին Ուկրաինայի կորուստների թեկուզ տասներորդ մասի բաժին ընկնելու պարագայում մեր երկիրը պարզապես կվերանա աշխարհի քարտեզից»....

Հարցը նրանում չի, որ իր ասածի մեջ ճշմարտություն չկա, այո, հենց էդպես է, Ռուսաստանը Հայաստանի ոխերիմ ու ռազմավարական թշնամին է ու կների այլ պետություններին, այլ ազգերին, միայն թե ոչ մեզ... Բայց եթե ոչինչ չենք անում քաղաքական ուժերս, դաշտը թողում ենք կոր մեջքավորներին Ռուսաստանի հետ մեն-մենակ, որ երկիրն այդքան մեծ կախվածության մեջ են հասցնում, իսկ դրա փոխարենն ասում ես, որ «Հիմա, ինչ է թե Հայաստանը սարգսյանական վարչախմբի ձախորդ քաղաքականության և անխուսափելի զարգացումների հետևանքով հայտնվել է Եվրասիական միությունում, դրա համար սո՞ւգ հայտարարենք, ողբա՞նք, լա՞ց լինենք, անդադար նվնվոցներով թևաթա՞փ անենք և վերջնականապես վհատեցնե՞նք ժողովրդին, թե՞ հակառակը, թևներս քշտենք և, օգտվելով այդ միության ընձեռած հնարավորություններից, փորձենք շենացնել, բարեկարգել մեր երկիրը», մեղմ ասած արդար չեք, պարոն Տեր-Պետրոսյան, Դուք հավանություն եք տալիս Սերժի արտաքին քաղաքականությանը...

Եթե քաղաքական ուժը կարծում է, որ Ռուսաստանի հետ Հայաստանն ապահով է, համաձայն չեմ, բայց առավել բարոյական է, քան թե նրանք, ովքեր պարզ տեքստով չեն ասում դրա մասին, փոխարենը թաքնվում են իշխանությունների արածների հետևում ու խոսում են անշրջելիության մասին, կայացած փաստերի մասին...

Հ.Գ. Հայաստանի անկախության համար գին ենք վճարել, արյուն ենք թափել, լույսի նման տղերք ենք զոհաբերել ու դա արել ենք անվախ, հպարտությամբ ու դա կանենք նույն ձևով, մեր արյունը տղերքի արյունից կարմիր չի. մեզ Ռուսաստանով, Ադրբեջանով, Թուրքիայով, Սերժով ու Ռոբով մի վախացրեք.... Հայաստանի անկախությունն այլընտրանք չունի...