Կխնդրեի, որ չգայթակղվեիք որոշ ընդդիմադիրների զգացմունքային ելույթներից. Շարմազանով


22:04 , 23 հոկտեմբեր, 2014

sharmazanov_261in.am-ը գրում է․

Քիչ առաջ ավարտվեց իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, ամփոփվել են կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերի 27-ին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը: Հարցին՝ հնարավո՞ր է, որ բանակցություններում առաջընթաց գրանցվի, Շարամզանովը պատասխանեց. «Առաջընթացը բացառապես կախված է Ադրբեջանի դիրքորոշումից, այդ կողմն է, որ մշտապես խոսել է ռազմական հռետորաբանությամբ, կազմակերպել ռազմական դիվերսիաներ, ինչը բնականաբար հակասում է Մինսկի խմբի բանակցային գործընթացին: Որքանով կառուցողական կլինի Ադրբեջանի դիրքորոշումը, այնքանով կարող ենք բանակցային գործընթացքում առաջընթաց ակնկալել:

Ինչ վերաբերում է Եռյակի՝ վաղը կայանալիք հանրահավաքին, ՀՀԿ խոսնակն ասաց. «Քաղաքական պրոցեսներ են, մենք բազմակարածության կողմնակից ենք: Հայաստանում երաշխավորված է քաղաքական կուսակցությունների՝ երթեր ու հավաքներն անելու իրավունքը: Ցանկացած միջոցառում, որ կլինի ՀՀ օրենսդրության շրջանակներում՝ մենք ողջունում ենք»:

Լրագրողի հարցին, թե ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվե՞լ է եռյակի հանրահավաքի հարցը, Շարմազանովը պատասխանեց. «Եռյակի խնդիրները քննարկվում են Եռյակում, մենք մեր հարցներն ենք քննարկում»:

Դիտարկմանը, թե իրենց չի՞ մտահոգում, որ ժողովուրդը իշխանափոխություն է պահանջում, Շարմազանովն արձագանքեց. «Ես կխնդրեի, որ չգայթակղվեիք որոշ ընդդիմադիրների զգացմունքային ելույթներից և ժողովրդի անունից չխոսեիք»: