14:54 , 23 հոկտեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
Հետջրհեղեղյան առաջին գինարբուքից հազարամյակներ անց բուսաբանական և պատմական գտածոները փաստեցին, որ խաղողը Հայկական լեռնաշխարհում հայտնի է եղել Նոյից միլիոնավոր տարիներ առաջ: Ապացույցներն ավելի քան պերճախոս գտնվեցին: Նախիջևանի աղեհանքի քարե շերտերում և Վայոց Ձորում` Եղեգիս գետի վերին հոսանքների լճա-կավային նստվածքերում հայտնաբերված խաղողի` 4-5 միլիոն տարեկան բրածո տերևի դրոշմներն էին դրանք, Տավուշի և Սյունիքի անտառներում այսօր հանդիպող այդ նույն վայրի խաղողի վազերը:
Եվ վերջապես, միայն Արևելյան Հայաստանում նկարագրված մոտ 500 տեղածին, երկրագնդի ոչ մի անկյունում չհանդիպող կուլտուրական խաղողի սորտերի առկայությունն աշխարհահառչակ շատ գիտնականների դեռևս անցյալ դարի սկզբներին հիմք տվեց եզրակացնել, որ հենց Հայկական բարձրավանդակն է եղել կուլտուրական խաղողի ծննդավայրը կամ վայրի խաղողի ընտելացման հայրենիքը: Հենց այստեղ է մերօրյա խաղողն անցել զարգացման իր երկար ճանապարհն ու դեռևս 5-6 հազար տարի առաջ գեղեցկացել, դարձել հյութալի, քաղցր ու գինեբեր:

Մեր ներկա ու պատմական հայրենիքի տարբեր վայրերից պեղված, Քրիստոսից առաջ VI-IV հազարամյակներով թվագրված խաղողի ածխացած կորիզներն էլ պատմեցին այն մասին, որ գինին առաջին անգամ պատրաստվեց այն տարածքներում, որոնց վրա հետագայում կազմավորվեցին առաջին հայկական ցեղախմբերը և պետությունները: Այդ կորիզները հայտնաբերվեցին Վաղարշապատից ոչ հեռու գտնվող Առատաշենում ու Արևմտյան Հայաստանի Խարբերդի դաշտում, Գուգարաց աշխարհի Շուլավեր բնակատեղիում և հայոց Ատրպատականի հարավ-արևմտյան շրջաններում: Մարդկությունն էլ նախապատմական աշխարհի խաղողի և գինու կենտրոնի պատիվը վերապահեց Հայաստանին, Նոյի մեջ տեսավ առաջին այգեպանին ու գինեգործին: Սա էլ հայ ժողովրդին հիմք տվեց դրախտը պատկերացնել Արարատյան դաշտում, Արաքսը նույնացնել դրախտային Գեհոն գետի հետ ու կառուցել «խաղողագինեկենտրոն» իր ուրույն աշխարհայացքը: Ղևոնդ Ալիշանը նույնիսկ հստակեցրեց այն վայրը, որտեղ Նոյ նահապետը տնկեց առաջին այգին. Մասիսի փեշին փռված Ակոռի գյուղն էր, ավելի ճիշտ` գյուղին մոտ գտնվող Գինեգույն գետի ավազանն իր Գինեբլուրով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ