19:16 , 22 հոկտեմբեր, 2014
Pastinfo.am-ը գրում է․
Ամերիկա մայրցամաքում գտնվող երկրներում մամուլի և խոսքի ազատության վիճակը «նկատելիորեն վատթարացել» է վերջին 6 ամիսներին: Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով խոսքի ազատության պաշտպանության առաջատար կազմակերպությանը:
«Inter American Press Association»-ը հայտնել է, որ գրանցվել է «ուղղակի և անուղղակի գրաքննության և լրագրողների վրա ֆիզիկական հարձակումների նշանակալի աճ»:
Մայամիում գտնվող խումբը հայտնել է, որ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում լրատվամիջոցների աշխատակիցները տուժում են:
Դիտորդական խումբն առանձնացրել է Վենեսուելան, որտեղ մի քանի լրագրողներ տուժել են ոստիկանության գործողություններից:
«Բոլիվիայում, Բրազիլիայում և Պերուում նույնպես տարբեր ընտրությունների, ինչպես նաև Ամերիկայի Ֆերգյուսոն քաղաքում, Սան Պաուլոյում և Ռիո դե Ժանեյրոյում հանրահավաքների լուսաբանումների ժամանակ լրագրողները ենթարկվել են ֆիզիկական հարձակումների»,- ասվում է կազմակերպության հաշվետվությունում:
Կազմակերպությունը հայտնել է նաև, որ թափանցիկության և հասարակությանը ինֆորմացիա տրամադրելու բացակայությունը շարունակում են խոչընդոտել ժուռնալիստիկայի ազատ գործընթացին մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեքսիկայում, Էկվադորում, Արգենտինայում և Պերուում:
«Inter American Press Association» կազմակերպության հաշվետվությունը տարածվել է 70-րդ գլխավոր վեհաժողովի ավարտից հետո, որն անցկացվել է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: