17:44 , 22 հոկտեմբեր, 2014
Lurer.com-ը գրում է․
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ։ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դուստրը, լինելով հղի և միջոցներ չունենալով երեխային պահելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ երեխայի ծնունդից հետո նրան հանձնի երեխային՝ 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց: Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին և, պայմանավորվածության համաձայն, դուստրը երեխային հանձնել է նրան, սակայն վերջինս խոստացված գումարը չի վճարել։
Նկատի ունենալով, որ հաղորդումը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը):
Նախաքննությունը շարունակվում է: