Տերակոտե բանակի առեղծվածը


18:44 , 21 հոկտեմբեր, 2014

Չինաստանի ամենատեսարժան վայրերից մեկը Չինական մեծ պարիսպն է։ Քչերը գիտեն, որ Չինաստանում կա պակաս հայտնի, սակայն նույնքան զարմանալի մեկ այլ գլուխգործոց՝ «Տերակոտե բանակը» արձանախումբը։ Բանակը կազմված է 8099 ամբողջական տերակոտե արձանիկներից։ Այս արձանիկները հայտնաբերվել են 1974 թվականին Ցին Շիխուանդի կայսեր դամբարանի մոտ՝ Սիան քաղաքից ոչ հեռու։ Արձանախումբը խոր տպավորություն է գործում թե՛ իր մեծությամբ, թե՛ մշակութային արժեքով։ Այն կարող է համեմատվել այնպիսի գլուխգործոցների հետ, ինչպիսիք են եգիպտական բուրգերը։

Ըստ ավանդության՝ այս արձանները թաղվել են հանդերձյալ կյանքում՝ կայսերը ուժ հաղորդելու և նրա իշխանական նկրտումները բավարարելու համար։ Սովորաբար կայսրերի հետ թաղում էին կենդանի ռազմիկների, սակայն այս դեպքում կայսեր հետ թաղել են այդ ռազմիկների նույնատիպ արձանները։ Այնուամենայնիվ, բացի արձաններից՝ նրա հետ թաղել են նաև մոտ 70 հազար ողջ և առողջ աշխատավորների իրենց ընտանիքների հետ միասին։ Աշխատավորների ընտանիքի անդամները նույնպես թաղվել են՝ կատարվածի գաղտնիությունը պահպանելու համար։

Ցին կայսրը սարսափում էր մահից և հավերժական կյանք էր տենչում։ Գիտնականները պնդում են, որ կայսրը 8 հազար մարդուց բաղկացած բանակ է ուղարկել, որպեսզի նրանք իր համար բերեն անմահության բալասանը։ Մինչև նրանց վերադարձը կայսրը սնդիկի հաբեր էր ընդունում, ինչն էլ, հնարավոր է, դարձավ նրա մահվան պատճառը։ Կայսեր գերեզմանատան կառուցման համար 38 տարի պահանջվեց։ Շինարարական աշխատանքներին մասնակցեցին ավելի քան 700 հազար բանվոր և արհեստավոր։

Հետաքրքրական է, որ մարտիկների արձանները շատ վարպետորեն էին ստեղծված։ Քանդակված մարտիկներից յուրաքանչյուրի դեմքը տարբեր  էմոցիաներ էր արտահայտում։ Յուրաքանչյուր մարտիկ նաև իր առանձին ռանգն ու  զենքն ուներ։ Արձանախմբում առկա են ակրոբատների, երաժիշտների, չինովնիկների արձաններ, ինչպես նաև երկու բրոնզե կառք։ Կառքերը հայտնաբերվել են կայսեր գերեզմանատնից 20 մետրի հեռավորության վրա։ Դրանք կազմված են ավելի քան 300 դետալներից ու զարդարված են թանկարժեք մետաղներով։