17:44 , 21 հոկտեմբեր, 2014
Lurer.com-ը գրում է․
Այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց «Սահմանամերձ գյուղերում գործունեության իրականացումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը և հարակից փաթեթները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, խոսելով օրենքի նախագծի մասին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե արտադրության կազմակերպիչը հանդիսանում է ոչ թե իրավաբանական անձ, այլ անհատ ձեռնարկատեր, ապա արտադրված ապրանքի իրացման արդյունքում ստացվող եկամուտները կազատվեն եկամտային հարկից, իսկ արտադրանքի իրացումը կազատվի ավելացված արժեքի հարկից, ընդ որում՝ տարբերություն չկա, թե արտադրության արդյունքը որտեղ է իրացվում:
«Մենք չենք պարտադրում, որ այդ արտադրանքն այդ տարածքում իրացվի: Թող այնտեղ արտադրություն կազմակերպեն, Երևանում վաճառեն, ոչ մի խնդիր չկա: Նպատակն այնտեղ արտադրություն կազմակերպելն է: Անմիջականորեն այնտեղ գտնվող առևտրի օբյեկտների միջոցով առևտուրը ևս ազատվում է շրջանառության հարկից: Այսինքն՝ այնտեղ կարող են ունենալ համապատասխան մանրածախ առևտրի օբյեկտ և ազատված լինեն շրջանառության հարկից:
Փոխնախարարը նաև ասաց, որ այս առումով բոլոր ռիսկերը հաշվարկված են, և համապատասխան լուծումներ գտնվել են:
Նպատակադրումները և հնարավորությունները վերլուծվելուց հետո միայն կորոշվի, թե քանի համայնք կներառվի ծրագրի մեջ: