Հայաստանում քաղցկեղի բուժման որակը անհամեմատ բարձրացել է. ուռուցքաբան-ռադիոլոգ


13:42 , 21 հոկտեմբեր, 2014

Հայաստանում քաղցկեղի բուժման որակը անհամեմատ բարձրացել է.  ուռուցքաբան-ռադիոլոգPanorama.am-ը գրում է․

Կրծքագեղձի քաղցկեղը պահանջում է համալիր բուժում և բազմակողմանի մոտեցում, իսկ համալիր բուժման դեպքում բավականին մեծ նշանակություն ունի ճառագայթային բուժումը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ուռուցքաբան-ռադիոլոգ Ներսես Քարամյանը:

Նրա խոսքերով` ճառագայթային բուժումը սովորաբար կիրառվում է որպես հետվիրահատական բուժման բաղադրիչ. «Այսօր հիմնականում կատարվում են օրգանը պահպանող վիրահատություններ, այսինքն` կուրծքը պահպանվում է և ամբողջությամբ չի հեռացվում: Այստեղ մեծ դերակատարում ունի հետվիրահատական ճառագայթային բուժումը, որի նպատակն է կանխել հետագայում հիվանդության կրկնությունը»:

Ըստ մասնագետի` վերջին տարիների ընթացքում ճառագայթային բուժման մեթոդները մեծ զարգացում են ապրել, և այսօր կան մի շարք տեխնոլոգիաներ, որոնց կիրառումը հնարավորություն է տալիս քաղցկեղի բուժման առումով առավել մեծ արդյունքների հասնել:

Անդրադառնալով այս տարի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղադրված գծային արագացուցչին` Ն.Քարամյանը նշեց, որ այս սարքը քաղցկեղների ճառագայթային բուժման համար նախատեսված այլ սարքերից տարբերվում է նրանով, որ ճառագայթները նպատակային ուղղվում են քաղցկեղի օջախի վրա, իսկ շրջակա հյուսվածքները չեն վնասվում, ինչի հետևանքով բուժման արդյունավետությունը բարձրանում է: 

«Կարծում ենք, որ սարքի կիրառումը զգալիորեն կբարելավի հիվանդների ճառագայթային բուժման արդյունքները», - ասաց Ներսես Քարամյանը:

Հարցին, եթե Հայաստանում կիրառվում են ճառագայթային բուժման ժամանակակից մեթոդներ, այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ բուժման նպատակով այլ երկրներ գնում, ուռուցքաբանն ասաց, որ խնդիրը կապված է իրազեկման հետ:

«Պետք է աշխատենք այնպես անել, որ մարդիկ քաջատեղյակ լինեն մեր երկրում կիրառվող տեխնոլոգիաների մասին: Իհարկե, լավ մեթոդից լավն էլ կա, ուստի մարդիկ նախընտրում են այլ երկրներում համապատասխան բուժում ստանալ»,- նշեց նա` միաժամանակ հավելելով, որ իրականում պետք է իմանալ, թե որ դեպքում է հարկավոր հիվանդին այլ երկիր տեղափոխել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ