«Մազաթափություն հիվանդությունը երիտասարդացել է»,-մասնագետ


13:00 , 21 հոկտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

«Մազաթափություն հիվանդությունը երիտասարդացել է»,-մասնագետ

Մազաթափությունը բոլոր ժամանակներում եղել է մարդկությանն անհանգստացնող խնդիրներից մեկը: Խիտ և առողջ մազեր ունենալը, թերևս, շատերի ցանկությունն է: Մազաթափության խնդիրների, դրանց լուծումների մասին Life.panorama.am-ը զրուցել է Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոնի բժիշկ մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ է իրենից ենթադրում մազաթափությունը:

-Մազաթափություն անվանում ենք մազերի ախտաբանական, այսինքն՝ չափից ավելի շատ թափվելը: Թե ո՞րն է այդ չափից շատ թափվելը, հստակ հաշվարկ չկա: Յուրաքանչյուր հիվանդի համար դա առանձին է նկարագրվում: Մի հանգամանք կա, որին միշտ ուշադրություն ենք դարձնում: Եթե առավոտյան բարձի վրա կան մազեր և դրանց քանակը տվյալ անձը գնահատում է շատ, դա նրան անհանգստացնում է, ուրեմն գործ ունենք մազաթափության հետ:

Ե՞րբ է այն սեզոնային բնույթ կրում և ե՞րբ է համարվում խնդիր:

-Այո, ինչպես նշեցիք կա մազաթափություն՝ պայմանավորված սեզոնով: Օրինակ, ձմռան ընթացքում գալիս է մի ժամանակ, երբ վիտամինների աղբյուրը պակասում է, վիտամինների հարաբերական քաղց է զարգանում, և այդ ժամանակ մազաթափություն է տեղի ունենում: Իսկ ե՞րբ հասկանալ, որ դա խնդիր է: Պետք է առաջանան մազաթափության օջախներ: Մարմնի վրա որևիցե մի հատված զուրկ լինի մազածածկույթից: Պետք է լինի նոսրացում կամ օջախային մազաթափություն, որ մենք դա գնահատենք որպես մազաթափություն:

-Մազաթափության ի՞նչ տեսակների հետ գործ ունենք:

- Մազաթափության մի քանի տեսակի հետ գործ ունենք: Նախ դիֆուզ մազաթափություն, երբ մազերը քիչ- քիչ նոսրանում են: Շատ հաճախ նման տեսակը կանանց մոտ ենք հանդիպում: Հաջորդն օջախային մազաթափությունն է: Երրորդը մեզ մոտ տղամարդկանց շրջանում ամենատարածված մազաթափությունն է, որը կոչվում է անդրոգեն: Դա տղամարդկանց այն մազաթափությունն է, երբ տեղի է ունենում նոսրացում ճակատային, ծոծրակի հատվածում, հետո այդ հատվածները միանում են իրար և գագաթային մասը մազազուրկ է դառնում: Դրա պատճառը ճարպագեղձերի գերաշխատանքն է, որն ունի ժառանգական նախատրամադրվածություն: Այն շատ տարածված է հայերի շրջանում:

-Որո՞նք են մազաթափության հիմնական պատճառները:

-Պատճառները բազմաթիվ են՝ վիտամինային քաղցը, ագրեսիվ սնունդը՝ կծու, թթու, խմիչքի չարաշահումը, ճիճվակրությունը: Օջախային մազաթափության մի ձև կա, երբ դա տեղի է ունենում նյարդային լարվածության, սթրեսի հետևանքով:  Պատճառները շատ-շատ են, մազը մաշկի հավելումն է, որն անընդհատ շփվում է արտաքին միջավայրի հետ, մարդու գործողությունների հետևանքով բացասական ազդեցություն է կրում՝ վարսահարդարիչ, մազի ներկ կամ սանրվածքը ֆիքսող միջոցներ և այլն: Այսինքն, և արտաքինից, և ներսից  գործընթացներ են տեղի ունենում, որոնց բացասական ազդեցությանը «շատ լավ» մազն արձագանքում է: Բացի այդ, անգամ օդի խոնավության փոփոխությունից  կարող է մազաթափություն առաջանալ կամ հակառակը կանգ առնի պրոցեսը: Ասել մեկ գործոն, որը բերել է մազաթափության, չի կարելի, բազմաթիվ գործոններ կան սկսած ժառանգականությունից, վերջացրած ոչ ճիշտ սնվելով, մազերի ոչ ճիշտ խնամքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ