12:35 , 21 հոկտեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
երազելն ավելի հեշտ է
Երջանկությունը հոգու վիճակ է: Տևում է այնքան, որքան հոգիդ է հրճվում: Երբեմն գուցե ընդամենը մի պահ: Բայց դա էլ է երջանկություն: Աստվածային զգացում է: Այդ պահերից է կազմվում իսկական կյանքը: ճապոնացիները հանգուցյալների շիրիմներին գրում են. ապրեց այսքան ժամ, այսքան րոպե, այսքան վայրկյան: Նրանք համոզված են, որ միայն երջանիկ պահերը կարելի է կյանք համարել: Ցավոք, մարդ արարածը չգիտի գնահատել այն երջանկությունը, որ ունի, նա միշտ դժգոհ է, միշտ ավելին է երազում, երևակայական երջանկության ետևից է վազում: Գուցե այն պատճառով, որ երագելն ավելի հեշտ է:
նախանձի, չարիքի ու նսեմության մասին
Արդեն իմունիտետ ունեմ նախանձի հանդեպ: Աշխատում եմ մեծահոգի լինել, չնկատել մարդկային այդ սոսկալի արատը, որ թունավորում է առաջին հերթին նախանձողի կյանքը: Բայց երբ այդ նախանձողները միավորվում են և սկսում չարիք գործել քո դեմ, դառնում է անտանելի: Որովհետև ահագին ժամանակ և եռանդ ես կորցնում դրանց դեմն առնելու համար: Նախանձում են հիմնականում նրանք, ովքեր անկարող են իրենցը ստեղծել, ուստի որոշում են քեզ վնասել, տապալել, արժանին չմատուցել, նսեմացնել և դրանից բավականություն են ստանում, չարիքը նրանց սնում է, ապրեցնում, բայց մի՞թե դա կյանք է: Հատկապես ծանր է, երբ նախանձը բախվում է ստեղծագործությանը: Ստեղծագործողն ամբողջ էությամբ տարված է իր գործով: Շատ հաճախ չի էլ նկատում, թե շուրջն ինչ դավեր են նյութում: Իսկ ամենացավալին այն է, որ ընկերներդ են սկսում նախանձել, ինքդ ես վատ զգում նրանց համար, չէ՞ որ իսկական տառապանք է: Ես նախանձի զգացում երբեք չեմ ունեցել ոչ մեկի նկատմամբ, որովհետև միշտ իմ գործով եմ զբաղված եղել:
մեր ժամանակների հերոսը
Մեր ժամանակի մարդն է այսօրվա դերասանը: Բայց քանի որ հասարակությունը միաշերտ չէ, պետք է ձգտել, որ բեմում լինեն մեր ժողովրդի լավագույն ներկայացուցիչները, որպեսզի հանդիսատեսը ձգտի նրանց նմանվել, որպեսզի մարդու իդեալ ստեղծվի: Թատրոնը նաև սերունդներ դաստիարակելու առաքելություն ունի: Բայց ո՞վ է մեզանում այդ մասին լրջորեն մտածում: Հակառակը, լավի նկատմամբ անհանդուրժողականություն կա: Անհատին փորձում են ոչնչացնել: Նա խանգարում է իրենց, անհանգստացնում: Սակայն դա ինքնաոչնչացում է նաև: Եթե իրոք մեր արվեստի պատասխանատուները մտածեին առաջադիմության մասին, ոչ թե բավարարվեին եդած գորշ վիճակով, այդպես չէր լինի: Տաղանդավոր, ինքնուրույն մտածող արվեստագետն իրեն ավելորդ է զգում նման պայմաններում: Ստիպված է հանդուրժել, սակայն դա երկար չի կարող տևել, մի օր նա ըմբոստանում է և հեռանում: Այսպես թե այնպես, նա կյանքում չի կորչի, սակայն դա կորուստ է մեր ազգային մշակույթի համար:
մուտքն արգելված է
Բոհեմ ասելով՝ նախկինում հասկանում էին գրողների, արվեստագետների նեղ, մեկուսացած մի ընտրանի, որն ապրում էր իր օրենքներով, բարոյական իր սկզբունքներով և որի մուտքը բաց չէր ամենքի համար: Այժմ ազատ արվեստագետների նախկին բոհեմին փոխարինել են կլանային-մաֆիոզ ստրուկտուրաները (հավանաբար ծագել է «ստրուկ» բառից), ուր մուտք ունեն միայն «յուրայինները», նրանց շահերին համապատասխանող մարդիկ: Նման «բոհեմներ», ավաղ, հայտնվել են նաև Հայաստանում: Դա մի փակ աշխարհ է: Մուտքն արգելված է: Դա նաև շատ մութ աշխարհ է: Մասնակիցը գերի է դառնում զանազան օրենքների և կանոնների, որոնց ստիպված է ենթարկվել, թե ոչ՝ դուրս կշպրտվի անգթորեն: Այդ «բոհեմի» ներսում մարդն ազատ չէ իր ընտրության մեջ, երբեմն նույնիսկ իր կյանքի տերը չէ: Ես միշտ անտարբեր եմ եղել նման բաների հանդեպ և նույնիսկ՝ դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ