Ի՞նչ է նշանակում «շարժմանը միացել են ազատամարտիկներ»


10:47 , 14 հոկտեմբեր, 2014

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին իրենց մասնակցությունը ցուցաբերած նորաստեղծ «Ազատամարտի նվիրյալների միության» ներկայացուցիչ Ռուստամ Գասպարյանը, ով նաև ԱԺ պատգամավոր է (օրենսդիր իշխանության ներկայացուցիչ) հարցազրույցի ժամանակ կարևորել է ժողովրդի համախմբվածությունը և մասնավորապես նշել. «շարժմանը միացել են ազատամարտիկներ, որոնք 7 միլիոն ադրբեջանցի ծնկի բերեցին, ու միանշանակ կարող ենք ծնկի բերել իշխանություններին»:

Չենք ուզում հավատալ, որ պարոն պատգամավորը իշխանություններին, որի ներկայացուցիչ է նաև ինքը, համեմատում է 7 միլիոն ադրբեջանցիների հետ: Սակայն մի փոքր դիտարկում անեմ ոչ թե համեմատության, այլ ազատամարտիկ հասկացության շուրջ: Ո՞վ է ազատամարտիկը: Ազատության համար մարտնչող: Այսօր ազատության ու անկախության պայմաններում «ազատամարտիկի պայքար», «իշխանություններին ծնկի բերել»-ու մասին արտահայտությունները ոչ թե կոռեկտ չեն, այլ նաև վիրավորական են, քանզի այդ նույն իշխանությունների մեջ են ազատամարտիկներ ու Արցախյան փառահեղ հերոսամարտի մեջ իրենց ներդրումն ունեցածներ: Ուստի ծնկի բերել հայրենակիցներին, նրանց համեմատելով 7 միլիոն ադրբեջանցու հետ, մեղմ ասած տգիտություն է: Կամ ի՞նչ է նշանակում «շարժմանը միացել են ազատամարտիկներ»: Ազատամարտիկը բոլորիս պատկերացումներում, նախ և առաջ, հավաքական կերպար է, ուստի մանիպուլացնել այդ արտահայտությամբ ուղղակի չի կարելի: Այդ նույնն է եթե ասեն` շարժմանը միացել են հայեր: Մեծագույն հարգանքով եմ վերաբերվում բոլոր ազատամարտիկներին, ու խոնարհում նրանց արած գործին: Սակայն այնուամենայնիվ ուզում եմ հարցնել` Ռուստամ Գասպարյանին, արդյոք բոլո՞ր ազատամարտիկների մասին էր խոսում նա, թե՞ միայն իրենց կազմակերպության:

Հ.Գ. Հարթակում հավաքվածները իշխանափոխությունը պատկերացնում են «իշխանություններին օր առաջ հեռացնելով», իսկ ինչո՞ւ է ազատամարտիկը ծնկի բերում, անհասկանալի է: Ինչո՞վ են ծնկի բերելու, պերմանենտ պայքարո՞վ, թե՞ այլ միջոցներ էլ կան, որ չեն հայտնում դեռևս: Մի խոսքով, հարցականները շատ են: