12:53 , 8 հոկտեմբեր, 2014Շվեյցարացի լուսանկարիչ Ջոն Վիլհելմը «Photoshop»-ի իսկական վարպետ է։ Նա օժտված է հումորի սուր զգացումով, որն արտացոլվում է նրա ստեղծագործություններում։ Նրա մասին ավելին իմանաու համար կարող եք ընթերցել ստորև ներկայացված հարցազրույցը։

Մի քանի բառով պատմե՛ք Ձեր մասին։
Ես ապրում եմ Շվեյցարիայում իմ ընկերուհու և մեր երեք փոքրիկ աղջիկների հետ։ Ապրուստ վաստակելու համար ես IT մասնագետ եմ աշխատում Ցյուրիխի ավագ դպրոցում։ Լուսակնարչությունը իմ տարերքն ու հոբբին է (ընկերուհիս կասեր, որ դա իմ մոլուցքն է)։ Ես հատկապես շատ եմ սիրում լուսանկարների խմբագրման գործընթացը։
Ինչպե՞ս Ձեր մեջ սեր ծնվեց լուսանկարչության ու ֆոտոմանիպուլյացիայի հանդեպ։
Իմ հայրը սիրողական լուսանկարիչ էր, ով շատ էր սիրում լուսանկարչությամբ զբաղվել։ Նա անգամ իր սեփական լուսանկարչական ակումբն էր հիմնել։ Լուսանկարչությունը միշտ էլ շատ կարևոր էր մեր ընտանիքում։ Ես հիշում եմ մեր շաբաթօրյա փոքրիկ քայլարշավները, որոնց ընթացքում մեզնից յուրաքանչյուրի պարանոցից ֆոտոխցիկ էր կախված լինում։ Հիշում եմ նաև դպրոցական ու բանակային տարիներս, երբ ես հանդես էի գալիս իբրև խմբանկարիչ։
Սակայն իմ կյանքում մի պահ եկավ (մոտավորապես 4 տարի առաջ), երբ ես ինքս ինձ հարցնում էի «Ինչո՞ւ ես հավաքում այդ բոլոր լուսանկարները։ Ի՞նչ պիտի անես դրանցով»։ Մի քանի շաբաթ անց ես պատահաբար տեսա գերմանացի լուսանկարիչ Ուլի Սթեյգերի ստեղծագործությունները և անմիջապես հասկացա, որ ես հենց այս ժանրում եմ ցանկանում ստեղծագործել։ Ես սկսեցի բազում ուսուցողական տեսանյութեր դիտել ու գրքեր կարդալ։

Ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր լուսանկարչական ոճը։
Ես փորձում եմ իմ ստեղծագործություններում միահյուսել գեղագիտությունն ու հումորը։ Առհասարակ ես չեմ կարող չզբաղվել լուսանկարչությամբ, քանի որ ինչ-որ ներքին մղում ինձ ստիպում է արարել։ Այդ իսկ պատճառով ես սկսել եմ ինքս ինձ «ֆոտոմոլ» անվանել։
Ի՞նչն է Ձեր ներշնչանքի աղբյուրը։
Ինձ համար իբրև ներշնչանքի աղբյուր են ծառայում առօրյա իրավիճակները, իմ երեխաները, իմ ըկերուհին, զրույցները «Photoshop»-ի այլ «գժոտ» մասնագետների հետ, խաղերը, կինոնկարները, ամսագրերը...
Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ լուսանկարիչներին։
Պարզապես սկսեք և երբեք մի՛ նահանջեք։ Սկիզբը հատկապես դժվար է, սակայն մի քանի հազար ժամ լուսանկարելուց ու ռետուշելուց հետո ամեն ինչ շատ ավելի հեշտ է դառնում։