«Առանց նոր տեխնոլոգիաների շատ դեռահասներ չեն պատկերացնում իրենց կյանքը». մասնագետ


11:22 , 8 հոկտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

«Առանց նոր տեխնոլոգիաների շատ դեռահասներ չեն պատկերացնում իրենց կյանքը». մասնագետ

Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու դեռահասները: Նոր տեխնոլոգիաներն ի՞նչ տեղ են զբաղեցնում դեռահասների կյանքում, ի՞նչ ազդեցություն են թողնում և ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Life.panorama.am-ի այս և այլ հարցերին պատասխանել են «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ»-ի Դեռահասային առողջության ծրագրերի համակարգող, դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան, Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ծրագրերի համակարգող Եվա Մովսեսյանը:

-Տեղեկատվական տեխնոլոգիաները որքանո՞վ են ներթափանցել դեռահասների առօրյա և ո՞ր տարիքային խմբերում է այն առավել սուր արտահայտվում:

Մարինա Մելքումովա-Նախ ասեմ, որ դեռահասներ են համարվում 10-18 տարեկանները, իսկ դեռահասային տարիքը` բուռն աճի և զարգացման ժամանակաշրջանն է: Դեռահասները գտնվում են առողջության յուրօրինակ խաչմերուկում: Դեռահասային տարիքում է ձևավորվում այնպիսի վարքագիծ, որը ազդեցություն է թողնում ամբողջ կյանքում: Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական սպառողներն այսօր երեխաներն ու դեռահասներն են: Կարող ենք ասել, որ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների այսօր շատ դեռահասներ չեն պատկերացնում իրենց կյանքը: Եթե տարիներ առաջ մենք կարող էինք ասել, որ առավել բարձր տարիքի երեխաներն են ավելի շատ զբաղվում, ասենք, խաղեր խաղում, ինտերնետից օգտվում, այսօր տարիքային այդ շեմը նվազել է: Տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահմանը նպաստում է նաև այն փաստը, որ երեխաների մեծ մասը բակային պայմանների բացակայության դեպքում քիչ ժամանակ են անցկացնում բակում, քիչ են զբաղվում ֆիզիկական ակտիվությամբ: Ստիպված հետարքրքություն են գտնում համացանցում: Ի դեպ, եթե մեր երկրի համար դա այսօր նոր խնդիր է, ապա արտերկրներում այդ հարցը բարձրացվել է դեռ 6-7 տարի առաջ:

Եվա Մովսեսյան-Դպրոցական երեխաների համար առավել շատ կարևորվում է վիրտուալ, քան նորմալ մարդկային, դեմ առ դեմ շփումը: Ընտանեկան երեկույթները, հավաքույթները քիչ-քիչ իրենց տեղը զիջում են վիրտուալ շփումներին: Նույն «սկայպ»-ն, այսօր օգտագործվում է ոչ միայն արտերկրում ապրող հարազատների հետ շփվելու համար, այլ նույնիսկ նուն քաղաքում ապրողներն են գերադասում շփվել այդ տարբերակով, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջոցով: Երեխաներն ավելի շատ են դրանց հակված, իրենց համար տեղեկատվական տեխնոլոգիաները շատ գրավիչ են: Արդյունքում դպրոցականների համար ջնջվում են իրականի և վիրտուալի միջև սահմանները:

-Իսկ ի՞նչ հնարավոր բացասական հետևանքների կարող են բերել:

Մարինա Մելքումովա- Նախ ասեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն ունեն, թե դրական, թե բացասական կողմեր: Եթե ցանկանում ես տեղեկատվություն ստանալ, տարածել, կամ կապնվել որևէ մեկի հետ, ապա դա հրաշալի հնարավորություն է: Մյուս կողմից, այս տեղեկատվությունը ոչ միշտ է ճշգրիտ: Միևնույն ժամանակ, տեղեկատվական տեխնոլոգիների չարաշահումը նպաստում է նստակյաց վարքագծին, ավելորդ քաշի և գիրության առաջացմանը: Շատ դեպքերում ծնողները գերադասում են, որ երեխան ժամանակ անցկացնի համակարգչի առջև, բայց իրականում չեն պատկերացնում, թե երեխան ինչով է զբաղված: Եթե դիտարկենք մյուս բացասական հետևանքները, ապա դիտվում է նաև տեսողության վատացում, կեցվածքի խնդիրների առաջացում,  ագրեսիվ վարքագծի դրսևորում: Նշեմ նաև այն փաստը, որ մեր դեռահասները բավական շատ ժամանակ են ացկացնում հեռուստացույցի առջև: 40 ից ավելի երկրներում դպրոցականների շրջանում հարցում է անցկացվել: Ընդգրկված է եղել նաև հարց, թե երեխան որքան հաճախ է հեռուստացույց դիտում: Հայաստանի դեռահասները առաջին տեղում էին: Հարցվածների 79-82 տոկոսը 2 ժամ և ավելի հեռուստացույց է դիտում: Ապացուցված է, որ այն դեռահասները, որոնք իրենց ժամանակը անցկացնում են հեռուստացույցի և համակարգչի առջև, ավելի հակված են ռիսկային վարքագծի դրսևորմանը: Համակարգչի հետ տևական շփումը նպաստում է կախվածության առաջացմանը, դեպրեսիայի, անքնության առաջացմանը:

Եվա Մովսեսյան-Ես կցանկանայի մի եզրույթի մասին խոսել, որը կոչվում է կիբերբռնություն: Դպրոցականին տհաճ անհարմար իրավիճակում նկարահանում են կամ բռնության տեսարաններ են նկարահանում, երբ դասարանցիները ծեծում, նվաստացնում են ինչ-որ մեկին և տեսանյութը տեղադրվում է համացանցում: Փաստորեն բոլոր ընկերները, համադասարանցիները տեսնում են դա, ստացվում է, որ այդ «բռնության զոհի» հոգեբանական խնդիրը դրանից էլ ավելի է վատթարանում: Նույնիսկ ուսուցչին կարող են նկարահանել և տեղադրել համացանցում` «վրեժխնդիր» լուծելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ